Բռնարարքներ` լրագրողների նկատմամբ

Ժամը 11-ի սահմաններում Երեւանի Զավարյան 6 հասցեում փորձել են կոտրել «Ա1+» հեռուստաընկերության տեսախցիկը:

Օպերատոր Հովսեփ Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Դեպքը պատահեց [գործարար պատգամավոր, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից] Խաչատուր Սուքիասյանի տան դիմաց անմիջապես: Իջա մեքենայից, մի 40 հոգի` բոլորը միանման սեւ հագնված, ինչ-որ կռիվ էին անում: Տեսախցիկը տեսնելուն պես բա` «Վայ, թռանք, ցվրվանք», ու մի 4-5 հոգի հարձակվեցին վրաս, տեսախցիկը խլեցին ձեռքիցս, հայհոյանքներ... Միջից տեսաժապավենը հանեցին, կոտրեցին, տեսախցիկը վերադարձրին: Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հաղթելու ենք» կարգախոսով թղթից կար մեքենայի մեջ, մի երկու ապտակ էլ վարորդին հասցրեցին, նստեցրին մեքենան, այդ թուղթն էլ բերանին ծեփեցին, իբր` «կեր»: Նրանց մեջ ինչ-որ ոստիկաններ էլ կային, որոնք քաղաքացիական հագուստով էին, վարորդը մեկին ճանաչեց, որ օրենքի աշխատող է»:

Մոտավորապես նույն ժամին միջադեպ է տեղի ունեցել «Հայք» թերթի թղթակից Սամվել Ավագյանի հետ, ով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգը ստուգելու էր գնացել «Տաշիր» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ գտնվող շուկա:

«Մոտեցանք էդպես կանգնած մեքենաներից մեկին` 47 համարն էր, «ՌԱՖ» մակնիշի միկրոավտոբուս, որի մեջ մի 10-15 մարդ կար: Իրենց հարցեր տվեցինք` ո՞ւր են գնում եւ այլն, խառնվեցին իրար: Պատասխանատուն, կազմակերպիչը ասաց, որ «գնանք ներս, հարցերը ներսում ճշտենք», ու մեզ ուղեկցեց տնօրենի սենյակը: Տնօրենը` անունը չգիտեմ, չի ներկայացել, սկզբից ասաց, թե ինքն օգնում է իր աշխատակիցներին, որ ոստիկանություն կա շենքի ներսում եւ այլն: Խնդրեցինք ուղեկցել ոստիկանի մոտ: Ինքը մեզ ուղեկցեց ոստիկանի մոտ` իր սենյակը, անձամբ իր գրասենյակը: Այնտեղ քաղաքացիական հագուստով մարդ կար նստած. երբ ես ոստիկանին հարց էի տալիս, ինքը հարձակվեց վրաս, ձայնագրիչս խլեց, հետո անվտանգության աշխատակիցներից մեկը ետ է վերադարձրել»:

Տեղի ունեցածի մասին Սամվել Ավագյանը ցուցմունք է տվել ոստիկանությունում:

Նմանատիպ մի պատահար էլ տեղի է ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանի հետ, ով Էրեբունու թիվ 13/16 ընտրատեղամասում փորձել էր հանձնաժողովի նախագահ Վասիլ Աֆյանից ճշտել մի խուրձ քվեաթերթիկներ փախցնելու եւ նրա սենյակում թաքցնելու մասին լուրը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Լուսինե Բարսեղյանը, երբ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը եւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը պահանջել են արձանագրություն կազմել, հանձնաժողովի նախագահը չի կատարել այդ պահանջը եւ ներս է հրավիրել ոստիկանների` Էրեբունու ոստիկանապետ Ավո Մկրտչյանի գլխավորությամբ: Նրանց հետ տեղամաս են մտել մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկը լուսանկարել է Լուսինե Բարսեղյանին:

Այնուհետեւ, լրագրողի վկայությամբ, այդ նույն երիտասարդը ոստիկանապետի ներկայությամբ իր ձեռքից խլել է լուսանկարչական ապարատն ու ձայնագրիչը եւ փախել. - «Երբ ես գոռացի` «հետ բերեք», ինքը հետ եկավ, հետո սկսեցին խփել: Ստամոքսիս են շատ ուժեղ հարվածել, Արմեն Մարտիրոսյանին էլ ոստիկանապետի եւ նրան ուղեկցող ոստիկանների ներկայությամբ քաշքշելով հանեցին դուրս: Ու ոչ մի ռեակցիա ոստիկանապետի կողմից»:

Լուսինե Բարսեղյանի փոխանցմամբ` բնակիչները հետո հայտնել են, որ միջադեպի վայրում է եղել նաեւ Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը. - «Ամբողջը տեղի է ունեցել իրենց ներկայությամբ»:


Ռուբեն Մելոյան