Սերժ Սարգսյանի շտաբներից մեկում մարդկանց անձնագրին փոխարինող տեղեկանքներ են բաժանել

Այսօր ստացված ահազանգի հետքերով մեկնած «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող հանրակացանների մերձակայքում գտնվող նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի մոտ մարդկանց բաժանում էին տեղեկանքներ` անձնագրին փոխարինող 9-րդ ձեւը:

Բաժանողները կտրականապես հերքեցին, որ իրենք մարդկանց ինչ-որ բան են բաժանում:

«Մենք չէինք բաժանում: Սխալ եք տեսել... Մենք չենք բաժանել, ընտրողների ձեռքում է եղել», - ասաց նրանցից մեկը` կրկին պնդելով. - «Դուք սխալ եք տեսել»:

Շտաբի մոտ հավաքված մարդկանցից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ուր են գնում, պատասխանեց. - «Բյուրեղավան: Գործով էինք եկել, գնում ենք այնտեղ»:

Մի կին, սակայն, հարցին, թե ինչո՞ւ է եկել շտաբի մոտ, պատասխանեց` «Քվեարկելու»:

Քիչ անց հավաքված մարդիկ ԿՎԶ մակնիշի երեք ավտոբուսներով (120ՍԼ41, 1938Լ եւ 1939Լ պետհամարանիշերով), ինչպես նաեւ մարդատար ավտոմեքենաներով հեռացան շտաբի մոտից:


Կարինե Քալանթարյան