Աբովյանում բռնություն է կիրառվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի նկատմամբ

Առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում երեք անձինք Աբովյան քաղաքի 28/07 ընտրատեղամասից առեւանգել եւ ծեծել են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Երեւանի բնակչուհի Լարիսա Թադեւոսյանին:

Թադեւոսյանը, ով, իր խոսքերով, ճանաչել է առեւանգողներից մեկին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնապահ Էդիկ Բաբայանին, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց. - «Ինձ խցկեցին ավտոմեքենայի մեջ, տարան մի ամայի տեղ` երեւի Աբովյանից դուրս, ու ծեծեցին` զգուշացնելով, որ չխառնվեմ հանձնաժողովի աշխատանքներին եւ տեսածս չբարձրաձայնեմ»:

Ժամը 10:30-ի սահմաններում Թադեւոսյանը դիմել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին: Հետաքննիչ Արա Գեւորգյանին հայտարարություն տալուց հետո նրան դատաբժշկական փորձաքննության ուղեգիր է տրվել:

Մոտ ժամը 11-ի սահմաններում նույն տեղամասի մատույցներում ծեծի են ենթարկվել Երջանիկ Աբգարյանը, Գուրգեն Եղիազարյանը եւ վերջինիս որդին` Համբարձում Եղիազարյանը: Վերջիններս ավելի ուշ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ ընտրատեղամաս էին գնացել իբրեւ դիտորդ` պարզելու գրվե՞լ է, թե՞ ոչ Լարիսա Թադեւոսյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու մասին արձանագրությունը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը լրագրողներին ասել էր, թե տուժած քաղաքացիները կատարվածի մասին հաղորդում չեն ներկայացրել. - «Ոստիկանության աշխատակիցները փորձել են Երջանիկ Աբգարյանի, Գուրգեն Եղիազարյանի կամ Համբարձում Եղիազարյանի հետ հանդիպել եւ նրանցից հայտարարություն վերցնել, բայց մինչ այս պահը նրանց գտնվելու մասին մենք տեղեկություններ չունենք»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե տուժածների` ասուլիսի ընթացքում արած հայտարարությունը բավարար հիմք է նյութեր նախապատրաստելու եւ քրեական գործ հարուցելու համար:


Կարինե Քալանթարյան