Սերժ Սարգսյան. «Մեր ձեռքբերումները չդարձնենք ռեւանշի, թույնի մանրադրամ»

«Թույլ չտանք, որպեսզի մեր ձեռքբերումները փոշիացնեն, միգուցե համեստ, բայց` ձեռքբերումները չդարձնենք ռեւանշի, թույնի մանրադրամ», - հայտարարեց Հայաստանի վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր ձեռքբերումները, մենք պարտավոր ենք զարգացնել մեր ձեռքբերումները, եւ այս պայքարում, այս աշխատանքում մենք ունենք համակիրների մեծ բանակ», - ասաց նախագահի թեկնածուն:

Սերժ Սարգսյանի խոսքերով, պետք է պայքարել, որպեսզի Հայաստանը չվերադառնա նախկին ժամանակներին. - «Որպեսզի մեր ընտանիքում ջերմությունը չպակասի, որպեսզի մեր երեխաները նորից ստիպված չլինեն մոմի լույսի տակ Մաշտոց կարդալ: Մենք ձեզ հետ միասին անպայման գալու ենք լավ Հայաստանի»:

«Որոշներն արդեն ասում են, որ իրենք հաղթած են, որ իրենք արդեն հաղթել են: Ես այդպես չեմ ասում, որովհետեւ իմ եւ նրանց ընկալումը հաղթանակի մասին բոլորովին տարբեր է», - հայտարարեց Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Միգուցե նրանք ինչ-որ տեղ ճիշտ են: Միգուցե իրենք կարող են իրենց հաղթած համարել երկրորդից հինգերորդ տեղ պայքարում: Իհարկե, երեւի նրանցից ոմանք հաղթել են, որովհետեւ նրանց միտինգներին մի քանի հազար մարդ, այնուամենայնիվ, գնում են»:

Ներկայացնելով հաղթանակի մասին իր ընկալումները` նախագահի թեկնածուն վստահեցրեց, որ իր համար հաղթանակ կլինի այն դեպքում, եթե ժողովուրդն ապրի ավելի բարեկեցիկ: Նա հաղթանակ կհամարի նաեւ ընտրություններում այնպիսի վստահություն ստանալը, որպեսզի հաղթանակը բավարար լինի բոլորի համար:

Ամփոփելով նախընտրական քարոզարշավը` նախագահի թեկնածուն ասաց. - «Այս ամփոփումները ինձ ուրախություն են պատճառում: Ես տեսնում եմ, թե ինչպես ամեն օր ավելանում է մեր համակիրների բանակը: Ես տեսնում եմ, թե ամեն տեղ` Աշոցքից մինչեւ Վարդենիս, ինչքան մարդիկ են ուզում սատարել «Առաջ, Հայաստան» ծրագրին: Ես տեսնում եմ, թե մարդիկ ինչպիսի ջերմությամբ են վերաբերվում Հայաստանի զարգացման ծրագրին»:
Նշելով, թե գտնվել են ոմանք, որոնք փորձել են ջրբաժան անցկացնել հասարակության մեջ` դարձնելով մարդկանց յուրային կամ օտար, Սերժ Սարգսյանը հայտարարեց. - «Ինձ համար, իհարկե, մերժելի են օտարահաճո այս մոտեցումները: Ամոթ է, ամոթ, երբ մարդիկ մի քանի քվեի համար, կամ նույնիսկ պաշտոնի համար, թեկուզ դա լինի հանրապետության ամենից բարձր պաշտոնը, փորձում են վատ եղանակներով պայքարել»:

Անդրադառնալով իր հասցեին հնչած, իր խոսքով` չակերտավոր մեղադրանքներին, նա ասաց. - «Իհարկե, ամենացնցողը այն էր, որ ես ղարաբաղցի եմ: Իհարկե, ղարաբաղցի եմ, եւ ես հպարտանում եմ դրանով: Բայց ես շատ ավելի հպարտ եմ, որ հայ եմ»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենք աշխատում են Հանրապետական կուսակցության հետ իրենց միասնական թեկնածուի` Սերժ Սարգսյանի համար: Նրա գնահատմամբ` միայն իրենց թեկնածուն կարող է լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները:

«Մեր միասնական թեկնածուն խոսքի մարդ է, եւ ինքը իր խոսքը միշտ գործ է դարձրել», - ասաց Գագիկ Ծառուկյանը:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)