Վրաստանի իշխանությունները հայտարարում են փոխզիջումների պատրաստակամության մասին

Այսօր Թբիլիսիում նախատեսված ընդդիմության հանրահավաքից առաջ` երեկ ուշ երեկոյան Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, թե պատրաստ են փոխզիջումների գնալ եւ իրականացնել ընդդիմության առաջ քաշած հիմնական պահանջները:

«Կարծում եմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ, եթե նման ցանկություն լինի նաեւ ընդդիմության ճամբարից, քանի որ իշխանությունները շատ լուրջ քայլեր են ձեռնարկել», - ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն:

Նրա խոսքերով, մասնավորապես, իշխանությունները համաձայնել են ազատ արձակել նոյեմբերի 7-ի հանրահավաքից հետո կալանավորվածներին, փոխել ընտրական համակարգը, ընտրական վեճերը հարթելու նպատակով ստեղծել նոր մարմին, որտեղ ներկայացված կլինեն նաեւ ընդդիմադիր ուժերը, ինչպես նաեւ վերանայել Վրաստանի հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն կարգավորող մարմնի ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը:

Մեկ այլ կետով իշխանությունները առաջարկում են խորհրդարան անցնելու համար կուսակցությունների առջեւ դրված 7 տոկոսի արգելքը մինչեւ մարտ սահմանադրական փոփոխությունների միջոցով հասցնել 5-ի, ինչպես նաեւ հստակեցնել Ընտրական օրենսգրքի նորմերը` ընտրություններում ծառայողական եւ բյուջետային միջոցների օգտագործումը սահմանափակելու համար:

«Այսպիսով, իշխանությունները պատրաստ են ընդառաջ գնալ եւ համաձայնության գալ ընդդիմության առաջ քաշած 17 պահանջներից մեծ մասի շուրջ», - հայտարարել է Նինո Բուրջանաձեն` կոչ անելով ընդդիմությանը հանդես գալ պատասխան քայլով եւ ստորագրել իշխանության առաջարկած հուշագիրը:

Ընդդիմությունը, սակայն, ներկայացված փաստաթուղթը որակում է որպես «ցինիզմ» եւ կտրականապես բացառում է դրա շուրջ համաձայնության գալու հնարավորությունները:

«Սրանով իշխանությունները ընդամենը փորձում են մեզ», - երեկ հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչ Զվիադ Ձիձիգուրին եւ վստահեցրել, թե իրենք մտադիր չեն հրաժարվել այսօր Թբիլիսիում բազմամարդ բողոքի ցույց անցկացնելու ծրագրից:

«Ես ձեզ հավատացնում եմ` ժողովուրդը կգա, կլինի հզոր ցույց, կլինի այն, ինչից նրանք այդքան վախենում են: Մենք ժամանակ չունենք նրանց հետ սեթեւեթելու համար: Բայց մենք ունենք հստակ պարտավորություններ, որոնք ստանձնել ենք ժողովրդի առջեւ, եւ պատրաստվում ենք ներկայացնել` որոնք են այս ստախոս իշխանություններից ազատվելու ուղիները», - ասել է Ձիձիգուրին:


Հեղինե Բունիաթյան, Պրահա