Ստորագրվեց «Հայկական երկաթուղիներ»-ը կառավարման հանձնելու պայմանագիրը

Այսօր Երեւանում ստորագրվեց «Հայկական երկաթուղու» համակարգը հատուկ ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը:

«Մենք հստակ պատկերացնում ենք, որ թեեւ այօրվա մեր ստորագրած պայմանագիրը կարծես թե երկաթուղային է, բայց դա պայմանագիր է «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի եւ պետության` Հայաստանի Հանրապետության միջեւ: Այդ պատճառով էլ մենք հասկանում ենք դրա քաղաքական ողջ նշանակությունը եւ կողմերի ստանձնած պատասխանատվությունը», - պայմանագրի ստորագրումից հետո հայտարարեց «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը:

«Ռուսաստանի երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղային տնտեսության մեջ ներդնելու է 572 մլն դոլար, ընդ որում` 230 մլն դոլարը` առաջիկա հինգ տարիների ընթացքում:

«Շրջափակված հայկական երկաթուղիներում կատարելով այդ ծավալի ներդրումներ, ես համոզված եմ, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը կանեն ամեն ինչ, որպեսզի հայկական երկաթուղին դառնա ժամանակակից երկաթուղի», - իր հերթին ասաց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նախագահ Ալեքսանդր Կուզնեցովը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի` կադրային քաղաքակությանը վերաբերող հարցին, պատասխանեց. - «Մենք ծրագրում ենք պահպանել երկաթուղու գրեթե ողջ անձնակազմը` բացառությամբ թոշակային տարիքն անցած մարդկանց: Ռուսաստանցի մասնագետների թիվը նվազագույն է լինելու` 10-15 որոշ ղեկավարներ եւ փորձագետներ: «Հայկական երկաթուղու» նախկին ղեկավար կազմը գրեթե ամբողջությամբ շարունակելու է աշխատել: Ինչ վերաբերում է ղեկավար Արարատ Խրիմյանին, նա, որքան գիտեմ, Վլադիմիր Յակունինից եւ Անդրանիկ Մանուկյան համապատասխան առաջարկ է ստացել, այնպես որ ընտրությունն իրենն է»:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)