Փոլ Գոբլը Ալանդյան կղզիների եւ Ղարաբաղի խնդիրների նմանություններ եւ տարբերություններ է մատնանշում

20 տարի առաջ` 1988 թվականի փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը` Ադրբեջանի կազմից Lեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի դուրս գալու եւ Հայաստանին միանալու պահանջով: Այս օրերին կրկին ակնարկվում է կարգավորման մի տարբերակ, որը քննարկման առարկա էր դարձել հակամարտության առաջին տարիներին. ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը «Պատուհան դեպի Եվրասիա» (Window on Eurasia) կայքում հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է Ալանդյան կղզիների փորձին:

Հոդվածում ներկայացնելով Ալանդյան կղզիների համար Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջեւ հակամարտության կարգավորման պատմությունը` Գոբլը նշում է, որ 1920 թվականին Ազգերի լիգայի որոշման հիման վրա այդ հակամարտության կարգավորման արդյունքում պահպանվել է Ֆինլանդիայի տարածքային ամբողջականությունը, սակայն, միաժամանակ, Ալանդյան կղզիներում ապրող շվեդները գործնականում անսահմանափակ ինքնավարություն ունեն:

Գոբլը հիշեցնում է, որ մի անգամ Ալանդյան կղզիների տարբերակը առաջարկվել է Ադրբեջանին:

Ալանդյան եւ Ղարաբաղյան հակամարտությունների միջեւ տարբերությունների շարքում նշվում է, որ Ալանդյան կղզիների բնակչությունը ավանդաբար միատարր է եղել, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ըստ Գոբլի, այժմ միտարարր է այն պատճառով, որ հակամարտության ընթացքում ադրբեջանցիները հեռացվել են այդ տարածքից: Մյուս տարբերությունը, ըստ Փոլ Գոբլի, այն է, որ Ալանդյան հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության չափ զոհեր, փախստականներ չեն եղել. - «Ալանդյան հակամարտությունը այդքան սուր չէր»:

Ալանդյան կղզիների խաղաղության ինստիտուտի տնօրեն Սիա Ակերմարկը Analitika.az կայքին տված հարցազրույցում բացասաբար է արտահայտվել Ալանդյան մոդելը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար օգտագործելու հնարավորության վերաբերյալ, որովհետեւ, ըստ նրա, «այդ երկու խնդիրների միջեւ հիմնարար տարբերություններ կան»:

Փոլ Գոբլը առաջին վերլուծաբանն էր, ով ժամանակին անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, հոդված գրեց տարածքների փոխանակման հնարավորության մասին:

Օրերս Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե իր հրաժարականից հետո Հայաստանի իշխանությունները ցանկանում էին Ղարաբաղի հարցը կարգավորել Մեղրին փոխանակելու միջոցով:

Իշխանությունները, սակայն, կտրականապես հերքում են այդ պնդումը` վստահեցնելով, որ Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակ բանակցային սեղանին երբեք դրված չի եղել:


Հրաչ Մելքումյան, Պրահա