Սերժ Սարգսյանը խոստանում է մինչեւ 2013 թվականը բնակարաններով ապահովել բոլոր անօթեւան վանաձորցիներին

Առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ Վանաձորում խոստացավ մինչեւ 2013 թվականը բնակարաններով ապահովել բոլոր վեց հազար անօթեւան վանաձորցիներին:

Հանրահավաքի իր ելույթի սկզբում Սերժ Սարգսյանը ասաց, որ որոշ թեկնածուներ հանրահավաքներում խոսում են ոչ թե իրենց նախընտրական ծրագրերից, այլ «լցված են չարությամբ եւ ցեխ են շպրտում այն ամենի վրա, ինչ տեսնում են»:

Երկրաշարժի` այս տարի լրացող 20-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետը հայտարարեց, որ ստեղծվել է միջոցառումների իրականացման հատուկ հանձնաժողով, մշակվել է ծրագիր:

«Այդ ծրագրով նախատեսվում է 17 միլիարդ դրամի ներդրումներ կատարել Շիրակի, Լոռու մարզերում: Սա` առանց բնակարանաշինության: Իսկ մարտ ամսին, բոլոր նրանք, ովքեր անօթեւան են, իմանալու են, թե երբ են բնակարան ստանալու», - հայտարարեց նա` խոստանալով, որ այդ գործընթացը կավարտվի 2013 թվականին:

Վանաձորում երեկ քաղաքային տրանսպորտը գործել է անվճար, կեսօրից հետո դադարեցվել էին աշխատանքները քաղաքի բուհերում, դպրոցներում ու մանկապարտեզներում:

«Մեզ հովանավորել է քաղաքապետարանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց երթուղայիններից մեկի վարորդը: - «Այսինքն իմ փողը տվել է իմ գծի տերը, իմ պլանը տվել է, իմ աշխատավարձը տվել է եւ ասել է` այսօր անվճար ես քշելու»:

Նախապատրաստական աշխատանքները քաղաքի կենտրոնական հրապարակում ղեկավարում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հերքեց, թե հանրահավաքի մասնակիցների թիվ են նախատեսել. - «Մենք ոչ մի նախատեսում էլ չենք ունեցել: Ժողովուրդ են, իրենք կցանկանան` կգան, չեն ցանկանա` չեն գա»:

«Այսօր պետական ոչինչ չկա, ամեն ինչ մասնավոր է», - երթուղայիններին վերաբերող հարցին պատասխանեց Դարբինյանը: - «Դուք չգիտե՞ք, որ քաղաքապետը սեփական երթուղիներ չունի»:

Վանաձորի թիվ 9 դպրոցի տնօրեն Էդիտա Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ոչ թե հանրահավաք: Պարզապես մայրաքաղաքից բարձրակարգ համերգային կոլեկտիվներ են ներկայանալու... Ուղղակի ուզում ենք երեխաները մի քիչ իրենց մայրաքաղաքի շնչին մոտիկ զգան»:

Հանրահավաքի մասնակիցների թվում էին «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանի ինչպես դասախոսական կազմը, այնպես էլ ուսանողները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ուսանողներին պարապմունքներից կազատեի՞ն, եթե նրանք ցանկություն հայտնեին մասնակցել նախագահի որեւէ այլ թեկնածուի հանրահավաքին, համալսարանի դասախոսներից Բելլա Շահվերդյանը արձագանքեց. - «Մենք արդեն անցկացրել ենք զրույցներ: Նրանք բոլորը ուզում են ընտրել Սերժ Սարգսյանին»:


Կարինե Սիմոնյան, Վանաձոր