Կասպարովը վերադառնում է շախմատ... մեկ օրով

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը, ով վերջին տարիներին քաղաքական գործունեությամբ է զբաղվում եւ դարձել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը, մարտի 30-ին Չեխիայում միաժամանակյա խաղի սեանս է տալու:

«Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթերի փոխանցմամբ, սեանսը տեղի կունենա Հլուբոկա-Նադ-Վլտավոու շքեղ պատմական պալատի Մեծ ճաշասրահում, որտեղ Կասպարովի հետ կմրցի 25 խաղացող:

ՖԻԴԵ-ի օրենքով` երեք տարի շարունակ որեւէ մրցաշարի չմասնակցող շախմատիստը մեխանիկորեն դուրս է հանվում վարկանիշային ցուցակից: Վերջին անգամ Կասպարովը 2005 թվականի մարտին մասնակցել է Լինարեսի մրցաշարին, ինչից հետո ամբողջությամբ տեղափոխվել է քաղաքական ասպարեզ:

Աշխարհի 13-րդ չեմպիոն Կասպարովի վերջին վարկանիշը 2812 միավոր էր, այն առայսօր ամենաբարձրն է եւ զիջում է միայն իր իսկ վարկանիշին՝ 2851, որը Կասպարովը գրանցել է 1990-ականների վերջին:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը նշում է, որ 2006 թվականին Կասպարովը խաղացել է չորս շախմատիստների մրցաշարում, որին մասնակցել են նաեւ Անատոլի Կարպովը, Վիկտոր Կորչնոյը եւ 3ուդիթ Պոլգարը: Կասպարովը 1-2-րդ տեղերը կիսել է իր վաղեմի մրցակից Կարպովի հետ, Պոլգարը 3-րդ տեղն է գրավել, իսկ Կորչնոյը` 4-րդ: Սակայն այդ մրցաշարն անցել է «արագ շախմատի» կանոններով, ուստի դրա արդյունքները ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում չեն գրանցվել:

Գարի Կասպարովը նախկինում մի քանի անգամ Պրահայում մասնակցել է միաժամանակյա սեանսների, սակայն Հլուբոկա-Նադ-Վլտավոու ավան առաջին անգամ է մեկնելու:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ հիասթափվի քաղաքականությունից, ինչպես նախկինում մի քանի անգամ պատահել է, եւ վերադառնա շախմատ, Կասպարովը պատասխանել է. - «Նախկինում ես միայն մասնակցել եմ քաղաքական տարբեր միջոցառումների` այդպես կատարելով իմ քաղաքացիական պարտքը: Այն ժամանակ գիտեի, որ ինձ համար առաջին տեղում շախմատն է: Որոշումս երկար մտորումների արդյունքում էի ընդունել: Եվ ճիշտ պահ էի ընտրել, համոզված էի, որ չի կարելի հեռանալ անկումի ժամանակ: Հեռացել էի, երբ երկու անգամ հաղթեցի Ռուսաստանի առաջնությունում եւ Լինարեսի գերմրցաշարում: Շախմատ կարելի է միշտ վերադառնալ, ես դեռ հիշում եմ, թե ինչպես են «քայլում» ֆիգուրները, սակայն դրա ցանկությունը հիմա բացարձակապես չունեմ»:


Արմեն Քոլոյան, Պրահա