Վազգեն Մանուկյանը հանդիպեց մտավորականության հետ

Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ, փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը, 9 թեկնածուներից առաջինը եւ առայժմ միակը լինելով, երկուշաբթի օրը, հանդիպում ունեցավ Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների եւ արվեստագետների հետ:

«Ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ մշակույթի որոշ ոլորտներում ձեւավորվել են մենաշնորհներ, որոնց պատճառով բազմաթիվ արվեստագետներ դուրս են մնում իրենց ստեղծագործական մտահղացումները իրագործելու նպատակներից», - դիմելով հավաքված արվեստագետներին ու մշակույթի գործիչներին` ասաց Մանուկյանը` շարունակելով: - «Մշակութային անկումն արդեն վտանգի տակ է դնում մեր ազգային նկարագիրը եւ ինքնության ապագան»:

Մանուկյանի համոզմամբ, հասարակությունում տիրող ընդհանուր մթնոլորտից է կախված, թե մշակույթը ինչ արժեք կունենա:

Նախագահի թեկնածուն նախատեսում է, ընտրվելու դեպքում, իրականացնել մշակույթի զարգացման երկարաժամկետ ծրագիր, որը ներառում է հոգեւոր, կրթական եւ մշակութային համատեղ գործունեություն ողջ երկրի տարածքում, արվեստի եւ մշակույթի զարգացման ֆոնդերի ստեղծում եւ այլն:

«Եթե մենք ուզում ենք այս տարածաշրջանում դերակատար լինել, եթե մենք ուզում ենք ուրիշ ժողովուրդների հետ մրցենք ու համագործակցենք եւ, միեւնույն ժամանակ, պահպանենք մեր իսկությունը, նաեւ քաղաքակրթությունը, ապա մշակույթը դառնում է կարեւորագույն պետական ծրագրերից մեկը` ինչպես տնտեսությունն է, ինչպես բանակն է, ինչպես արտաքին քաղաքականությունն է», - ասաց նախագահի թեկնածուն:

Հանդիպման մասնակիցներից ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դրական գնահատեց մտավորականության լռությունը այս քարոզարշավին:

«Ավելի վատ, երբ խոսում են, որովհետեւ տեսնում ենք, թե ոնց են խոսում, ում անունից են խոսում», - ասաց Չալիկյանը: - «Ես կուզեի, որ մշակութային գործիչը երբեք դրոշակ չբռներ, պալատում չհայտնվեր, որովհետեւ պալատում մշակութային գործիչ չի լինում, միայն խեղկատակ է լինում: Ես կուզեի, որ վերջապես, չեմ հավատում դրան իհարկե, իշխանությունը, նոր իշխանությունը իհարկե, գիտակցեր, որ մշակույթը դա ոչ թե գործունեության ոլորտ է, այլ այն հոգեւոր դաշտն է, առանց որի ակնկալվող երկիրը չի կայանա»:


Գայանե Դանիելյան