«Ժառանգություն». «Սերժ Սարգսյանի աջակիցները փորձում են տիրանալ կուսակցությանը հասանելիք տեղերին»

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության վարչությունը այսօր հայտարարել է, որ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի աջակիցները փորձում են տիրանալ ընտրական հանձնաժողովներում կուսակցությանը հասանելիք տեղերին:

«Վերջին շաբաթվա ընթացքում պարոն Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից փորձեր են արվել բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» անդամների վրա ազդեցություն գործել` հանձնաժողովներում կուսակցությանը հասանելիք տեղերին տիրանալու համար»,֊ - ասված է հայտարարության մեջ:

«Ի պատիվ կուսակցության անդամների, գրեթե ամենուրեք արժանի հակահարված են ստացել կաշառքի ամեն տեսակի առաջարկները, սպառնալիքները, հակաօրինական մյուս գործողությունները»,֊ - նշում են փաստաթղթի հեղինակները:

Միաժամանակ «Ժառանգության» վարչությունը հայտնում է. - «Սակայն ափսոսանքով արձանագրում ենք, որ 41 ընտրատարածքներից մեկում իշխանական թեկնածուի համախոհներին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել իրենց անբարո նպատակին: Թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Առնակ Սահակյանը, տակավին չպարզված հանգամանքներում, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ է նշանակել կուսակցության հետ չհամաձայնեցված անձանց: Նրանցից շատերը, ըստ տեղեկությունների, իշխանական ուժերի ներկայացուցիչներ կամ համակիրներ են եղել: Այդ փաստի հիմքով «Ժառանգության» վարչությունը հունվարի 29-ին որոշում ընդունեց իր շարքերից Առնակ Սահակյանին հեռացնելու եւ նրան անվստահություն հայտնելու` որպես հանձնաժողովի անդամ: Առնակ Սահակյանը հրաժարական է տվել թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի անդամի պաշտոնից»:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ կուսակցության արդեն նախկին անդամի արատավոր արարքի հետեւանքով էապես նվազել է թիվ 23 ընտրատարածքում (Սեւան, Ճամբարակ, Վարդենիս) ընտրությունների օրինականության վերահսկման եւ արդարության ապահովման հնարավորությունը, «Ժառանգություն»-ը պատրաստ է իր կուսանդամներին տրամադրել` հանդես գալու որպես նշված ընտրատարածքում ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք: Նմանատիպ փորձ արվել է նաեւ թիվ 38 ընտրատարածքում, որը ժամանակին կանխվել է: Ուստի կուսակցության կենտրոնական գրասենյակը ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին իրազեկել է արտաքին ազդեցության փորձերը շարունակվելու դեպքում օրենքի շրջանակներում ձեռնարկվելիք անհրաժեշտ գործողությունների մասին»,֊ - նշել է «Ժառանգություն» կուսակցության վարչությունը: