Միխայիլ Խոդորկովսկին անժամկետ հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Վասիլի Ալեքսանյանի

Երեկ Չիտայի մարզի Կրասնոկամենսկի ուղղիչ աշխատանքային գաղութում անժամկետ հացադուլ է հայտարարել ՅՈւԿՕՍ ընկերության սեփականատեր, նախկինում Ռուսաստանի թիվ մեկ մեծահարուստ համարվող Միխայիլ Խոդորկովսկին: Նա այս քայլին է դիմել` իր համերաշխությունը հայտնելով ՅՈւԿՕՍ-ի գործով ձերբակալված Վասիլի Ալեքսանյանին:

ՅՈւԿՕՍ-ի իրավաբանական վարչության նախկին ղեկավար Վասիլի Ալեքսանյանին ձերբակալել են 2006-ի գարնանը: Նրան մեղադրում են մոտ 20 միլիարդ ռուբլի գրպանելու եւ ավելի քան 3 միլիոն ռուբլու չափով հարկեր թաքցնելու մեջ:

Բանտում Ալեքսանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Ըստ անկախ աղբյուրների` անազատության մեջ Ալեքսանյանը վարակվել է տուբերկոլյոզով, այս պահին նա գրեթե լիովին կուրացած է, ավելին` բժիշկները հայտնաբերել են, որ նա ՁԻԱՀ-վարակակիր է:

Ալեքսանյանը դիմել էր տարբեր ատյանների` խնդրելով իրեն բանտային հիվանդանոցից տեղափոխել մասնագիտացված բուժկենտրոն, սակայն մի քանի օր առաջ Ռուսաստանի գերագույն դատարանը մերժեց նրա հերթական հայցը:

Ի պատասխան` Ալեքսանյանը դատարանի դահլիճում հանդես եկավ բացահայտումներով. - «Սրանք օրինականացված կտտանքներ են: Երկու տարի առաջ գլխավոր դատախազության քննիչն ինձ ասաց. - «Մենք գիտենք, որ ձեզ բուժում է անհրաժեշտ, չի բացառվում, որ Ռուսաստանի սահմաններից դուրս»: Եվ քննիչն ինձ առաջարկեց. - «Մեզ անհրաժեշտ են ձեր ցուցմունքները, քանի որ Խոդորկովսկուն առաջադրված մեղադրանքները հաստատել չի ստացվում: Եթե քննչական մարմիններին ձեռնտու ցուցմունքներ տաք, մենք ձեզ ազատ կարձակենք»:

Միխայիլ Խոդորկովսկու երեկ տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Մի կողմից` դատախազության քննիչները ինձ առաջարկում են խոստովանել հանցագործություններ, որոնք ես չեմ կատարել, մյուս կողմից` ես պետք է պայքարեմ, հասկանալով, որ այդ պայքարը կարող է դառնալ Վասիլի Ալեքսանյանի մահվան պատճառը: Նման պայմաններում ես անկարող եմ որեւէ ընտրություն կատարել եւ անժամկետ հացադուլ եմ հայտարարում»:

Վասիլի Ալեքսանյանի գործով դատական առաջին նիստը երեկ տեւել է ընդամենը մի քանի րոպե: Հենց դատարանի դահլիճում Ալեքսանյանի վիճակը կտրուկ վատթարացել է, եւ դատավորը ստիպված ընդհատել է նիստը:

Ալեքսանյանի դատապաշտպան Ելենա Lվովան հայտարարել է. - «Մենք պայքարելու են եւ հանդես ենք գալու հայցերով` կապված Ալեքսանյանի առողջական վիճակի հետ: Ամենը, ինչ մեզանից է կախված, մենք կանենք»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա