Վրաց ընդդիմությունը պահանջում է ապրիլին խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է ապրիլին խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Երեկ տարածված հայտարարությունը ստորագրել են ընդդիմադիր 12 կուսակցությունների ղեկավարներ եւ անցած նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն:

Վրաստանի խորհրդարանի նախագահին, աշխարհի երկրների կառավարություններին, միջազգային կազմակերպություններին ուղղված հայտարարությունում վրաց ընդդիմադիրները պնդում են, որ 2008 թվականի հունվարի 5-ի նախագահական ընտրությունները անցկացվել են կեղծիքներով ու բռնություններով, ինչը ուղղակի ազդեցություն է ունեցել արդյունքների վրա:

Ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում Միխեիլ Սահակաշվիլիի լեգիտիմությունը եւ հրաժարվում են համագործակցել նրա հետ, պաշտոններ ստանալ կառավարությունում:

Ընդդիմությունը պահանջում է, որպեսզի վիճարկելի ընտրատարածքներում քվեների վերահաշվարկ կատարվի, կեղծարարները պատժվեն, պաշտոնանկ արվեն ներքին գործերի նախարարը, գլխավոր դատախազը, վերակազմավորվեն ուժային որոշ կառույցներ եւ ապրիլին անցկացվեն խորհրդարանական ընտրություններ:

Lեւան Գաչեչիլաձեն հայտարարել է, որ եթե իշխանությունները չկատարեն ընդդիմության պահանջները եւ զիջումների չգնան, ապա իրենք փետրվարի կեսերից բողոքի ակցիաներ կսկսեն:


Հրաչ Մելքումյան, Պրահա