Սերժ Սարգսյանը «սին» եւ «տհաս» է որակում բանակի կրճատման գաղափարը

Արմավիրի մարզում ընտրողների հետ հանդիպումներում առաջիկա ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուն` վարչապետ Սերժ Սարգսյանը, կրկին արձագանքեց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` բանակի թվաքանակի կրճատման վերաբերյալ հայտարարությանը:

Էջմիածնում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ասաց, որ «խորապես հավատում է, որ առաջիկայում ունենալու ենք ավելի զարգացած ու պաշտպանված Հայաստան». - «Բայց պաշտպանված ո'չ այն դեղատոմսերով, որ որոշ թեկնածուներ առաջարկում են»:

«Նրանցից շատերը այնքան հեռուն են գնում, որ առաջարկում են մեր բանակը կրճատել, հասցնել 10-15 հազարի: Ես չեմ ուզում այս հանդիպման ժամանակ մանրամասնել այդ գաղափարների սին լինելը, տհաս լինելը», - ասաց նա` շարունակելով. - «Ուղղակի ուզում եմ ինքներդ մի պահ մտածեք` այսօր հայկական բանակը պաշտպանում է 1280 կիլոմետր սահման... Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի մեր երկրի հետ, եթե հանկարծ մեր բանակը լինի 10 հազար: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր կիլոմետրի վրա մենք կունենանք ընդամենը մի քանի զինվոր»:

Իր ելույթում Սարգսյանը ասաց նաեւ, որ մյուս թեկնածուները, գալով հանդիպումների, կփորձեն համոզել ընտրողներին, թե Հայաստանը կարճ ժամանակում կարող են վերածել դրախտի, կկրճատեն հարկերը եւ մի քանի անգամ կբարձրացնեն կենսաթոշակները:

«Մտածող մարդը կարող է հասկանալ. եթե Հայաստանը չունի նավթ, եթե Հայաստանը չունի եկամտի այլ աղբյուրներ, եւ մեր տարեցների, հաշմանդամների բարեկեցությունը կախված է միայն ու միայն հարկերից, ապա ինչպե՞ս կարելի է հարկ կրճատել ու նաեւ ավելացնել մնացածը: Կարծես թե դրանք աճպարարներ են», - ասաց Սերժ Սարգսյանը:

Մեծամորում վարչապետը հանդիպեց ատոմակայանի աշխատակիցների հետ: Սերժ Սարգսյանը ասաց, որ շարունակելու են Մեծամորի ատոմակայանի շահագործումը եւ ամեն տարի ավելացնելու են անվտանգության բարձրացմանն ուղղվող միջոցները:

Նա հայտարարեց, որ արդեն աշխատանքներ են տարվում երկրորդ էներգաբլոկի կառուցման ուղղությամբ. - «Այսօր ընթանում է բոլորովին նոր էներգաբլոկի տեխնիկատնտեսական հաշվարկների իրականացումը: Այդ ուղղությամբ գտնվել է 5 միլիոն դոլար: Սեպտեմբերին արդեն մենք կունենանք այդ նոր էներգաբլոկի հաշվարկները: Ունենք արդեն գործընկեր, որը պատրաստ է միջոցներ ներդնել... Եթե ամեն ինչ նորմալ գնա, իսկ ես վստահ եմ, որ նորմալ է լինելու, մենք, ամենայն հավանականությամբ, 2010 թվականի վերջին կսկսենք նոր, ժամանակակից էներգաբլոկի կառուցումը»:


Ռուզաննա Ստեփանյան