Թուրք պաշտոնաթող գեներալը եւ փաստաբանը կալանվել են

Թուրք պաշտոնաթող գեներալ Վելի Քուչուքը եւ փաստաբան Քեմալ Քերինչսիզը, ինչպես նաեւ վեց այլ անձինք, ովքեր անցած շաբաթ ձերբակալվել էին ծայրահեղ ազգայնական խմբավորման շուրջ երեք տասնյակ անդամների թվում, շաբաթ օրը դատարանի որոշմամբ կալանքի տակ են վերցվել: Այդ մասին այսօր հայտնում է «Անատոլիա» լրատվական գործակալությունը: «Դողան» գործակալությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ կալանվածներին առաջադրվել է կառավարության դեմ զինված ապստամբություն հրահրելու մեղադրանք:

Թուրքական ոստիկանությունը օրերս հայտարարել էր, որ խմբավորման անդամները մահափորձ էին նախապատրաստում թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի, հայտնի լրագրող Ֆեհմի Քորուի, քուրդ քաղաքական գործիչ, Սախարովի անվան մրցանակի դափնեկիր Լեյլա Զանայի եւ այլ անձանց դեմ: Ըստ տեղական մամուլի, ծայրահեղականները 1,5 միլիոն դոլար են խոստացել Փամուկի սպանության համար:

«Սաբահ» օրաթերթը եւ թուրքական մի շարք այլ պարբերականներ ենթադրում են, թե Փամուկի եւ քուրդ գործիչների սպանությամբ ծայրահեղականները մտադիր էին «քաոսային մթնոլորտ» ստեղծել, որին կհաջորդեր զինված հեղաշրջումը, եւ Էրդողանի կառավարությունը պաշտոնանկ կարվեր: Ազգայնականները Էրդողանի կառավարությանը մեղադրում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նպատակով քրիստոնեական եւ քրդական փոքրամասնություններին չափից շատ զիջումներ անելու մեջ:

Փաստաբան Քեմալ Քերինչսիզը հայտնի է նրանով, որ քրեական գործեր է նախաձեռնել Օրհան Փամուկի, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի եւ այլ մտավորականների դեմ, ովքեր չեն համաձայնել Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածի վերաբերյալ պաշտոնական վարկածին:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, ոստիկանությունը ուսումնասիրում է նաեւ կասկածյալների հնարավոր առնչությունը անցած երկու տարիներին Թուրքիայում տեղի ունեցած աղմկոտ քաղաքական հանցագործություններին, այդ թվում Հրանտ Դինքի եւ կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորոյի սպանություններին: