Մամուլի տեսություն

(շաբաթ, 26-ը հունվարի)

«168 ժամ»-ը գրում է. - «Ոչ արդար ընտրությունները, անկախ այն բանից` ում օգտին են կեղծվելու ձայները, ձեռնտու են բոլոր թեկնածուներին: Նրանք, ովքեր օբյեկտիվորեն հազիվ հավաքեն մի քանի տոկոս ձայն, հնարավորություն ունեն իրենց, տա Աստված` երկարատեւ կյանքի յուրաքանչյուր հինգ տարին մեկ առանց բարդույթավորվելու առաջադրվել նորից ու նորից` իրենց քայլը հիմնավորելով կեղծված ընտրություններով: Նա, ով կդառնա նախագահ, դարձյալ պաշտոնը կզբաղեցնի շնորհիվ կեղծված քվեաթերթիկների, քանի որ բոլորիս է հայտնի, որ առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկը չի վայելում հասարակության մեծամասնության անվերապահ համակրանքը»:

«Հայոց Աշխարհ»-ը համոզմունք է հայտնում, որ «ինչպիսի խախտումներ էլ արձանագրվեն առաջիկա ընտրությունների ընթացքում, միեւնույն է, դրանց միջոցով հնարավոր չի լինելու կասկածի տակ դնել փետրվարի 19-ի քվեարկության արդյունքները»: «Ավելին` ողջ խնդիրը քվեարկության արդյունքների վիճարկման մեջ չէ, ինչի իրավունքն ունեն նախագահի բոլոր թեկնածուները: Նրանք կարող են ճանաչել քվեարկության արդյունքները, կարող են նաեւ բողոքարկել դրանք, բայց պարտավոր են գործել միայն ու միայն օրինական ու սահմանադրական եղանակներով», - գրում է թերթը` ամփոփելով. - «Հետընտրական գործընթացները ժողովրդավարական նորմերի շրջագծում պահելու դեպքում մեր երկիրը 2008-ին տարածաշրջանում դուրս է գալու առաջին գիծ` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իր արդեն ձեւավորված մշակույթով»:

«Ազգ»-ը նկատում է. - «Դեռ քարոզարշավը ավելի կթեժանա, խոստումներն ավելի կշատանան, բայց թե արդյունքի համար թեկնածուների ելույթները որքանով կողմնորոշիչ կլինեն, դժվար է ասելը: Ամենաբարդ գործը թողել են ժողովրդին` կողմնորոշվիր եղածի մեջ եւ ոչինչ, որ չկա իսկապես շատ փայլուն եւ ցանկալի թեկնածու»:

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Հայկական ժամանակ»-ում կարծիք է հայտնում. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը կտրուկ փոխեց պայքարի չափորոշիչները: Եթե նա չլիներ, պայքարը նախագահի պոստի համար կլիներ մաքուր մենեջերական խնդիր: Մոտավորապես նման պայքար էր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: Կարո՞ղ է մի անհատականությունը փլուզել պետական ապարատը: Կարող է` աշխարհում եղել են նման փորձեր: Հե՞շտ է դա անել: Ոչ, ծայրահեղ բարդ է: Այդպիսի օրինակները աշխարհում շատ քիչ կան: Կստացվի՞: Կապրենք` կտեսնենք»:

«Առավոտ»-ի թղթակիցը հարցնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին. - «Դուք խոստացել էիք հրապարակել պատերազմի տարիներին նախկին իշխանությունների կողմից իրականացված, ձեր բնորոշմամբ` հանցագործությունների մանրամասները»: Սամվել Բաբայանը պատասխանում է. - «Այդ բացահայտումները կհրապարակվեն իմ անցած ճանապաչհի մասին պատմող գրքում, որ աշխատանքները մոտենում են ավարտին: Ընտրություններից առաջ դա կլինի, թե հետո` չեմ կարող ասել: Երբ գրքի հեղինակները ավարտեն աշխատանքները, այդ ժամանակ էլ կհրապարակվի»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Ժամանակ Երեւան» թերթում փաստում է. - «Հայաստանում իրավիճակը հանելուկային է: Ցածր գնաճի եւ մակրոտնտեսական ավելի քան տասնամյա կայունության պայմաններում որոշ ապրանքների գները ներկայումս ավելի բարձր են, քան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, որտեղ վարձատրության չափերը տասն անգամ ավելի բարձր են: Իրականացվող «տաղանդավոր» քաղաքականության հետեւանքով Հայաստանում, օրինակ, տեղական արտադրության կարտոֆիլի գինը ամենաբարձրերից է աշխարհում, թեեւ ոչ մի կարտոֆիլ արտադրող գյուղացի բարեկեցիկ կյանքով չի ապրում: Կարտոֆիլը, որը արտադրվում է տեղում, 20 տոկոս ավելի թանկ է, քան Եվրոպայում, որը հայտնի է գյուղմթերքների ամենաբարձր գներով, եւ շատ ավելի թանկ, քան ԱՄՆ-ում կամ մեր հարեւան երկրներում: Իսկ սա նաեւ, այո, իրականացվող քաղաքականության, այդ թվում նաեւ արժութային քաղաքականության հետեւանքն է, որից օգտվել են մի քանի պաշտոնյաներ եւ նրանց մոտ կանգնած անհատներ»:


Արմեն Դուլյան