Մեթյու Բրայզա. «Մենք կարողացանք մեկ քայլ առաջ կատարել»

«Կարծում եմ` մենք կարողացանք մեկ քայլ առաջ կատարել», - հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով եռանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքներին:

«Մենք հաջողություն ենք որակում այն փաստը, որ երկու երկրների նախագահներն էլ հայտարարեցին Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ «Մադրիդյան պլանի» վրա աշխատելու մտադրության մասին», - ասել է Բրայզան եւ հավելել. - «Մինչեւ այս ուղեւորությունը մենք մտավախություն ունեինք, որ այս առաջարկները կարող են չընդունվել, կամ էլ Հայաստանի նոր նախագահը կուզենա ամեն ինչ նորից սկսել: Այժմ, սակայն, կարող եմ ասել, որ Հայաստանի նախագահության հիմնական թեկնածուները մտադիր են շարունակել բանակցությունները այն փաստաթղթի հիման վրա, որը որոշում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները: Դա լավ նորություն է»:

Մեթյու Բրայզան նշել է, որ այցի ընթացքում դիվանագետները ծանոթացել են փաստաթղթի վերաբերյալ նախագահների տեսակետներին, պատասխանել որոշ սկզբունքների տերմինաբանության վերաբերյալ նրանց հնչեցրած հարցերին. - «Որոշ հարցերում երկու նախագահներն էլ միեւնույն անհանգստությունն էին արտահայտում: Այժմ մենք պետք է փաստաթղթում որոշակի փոփոխություններ կատարենք` այդ մտավախությունները չեզոքացնելու համար: Գործընթացը շարունակվում է»:

«Ի՞նչ բաղադրիչներ է պարունակում «Մադրիդյան պլանը», կա՞ն արդյոք այդ փաստաթղթում Lեռնային Ղարաբաղում հանրաքվեի, տարածաշրջանում խաղաղարար զորքեր տեղակայելու, փախստականների վերադարձին վերաբերող հարցեր». այս հարցին ամերիկացի համանախագահը պատասխանել է. - «Թեեւ ես չեմ կարող բացահայտել այդ պլանի մանրամասները, սակայն կարող եմ ասել, որ այն ամբողջությամբ ներառում է բոլոր հիմնարար սկզբունքները»:

Բրայզան նաեւ ընդգծել է, որ «եթե հակամարտության մեջ ներգրավված կողմերը փաթեթի տեսքով չընդունեն այս փաստաթուղթը, անհնար կլինի համաձայնության գալ դրա առանձին սկզբունքների շուրջ»:

«Վերջին այցի ընթացքում ես տեսա Աղդամը իմ աչքերով. դժվար է պատկերացնել` ինչպիսի մարդկային կորուստների կարող էին բերել այնտեղ տեղի ունեցած իրադարձությունները: Այդ մասին էր ասում նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` հաջորդ օրը հակառակ կողմից հեռադիտակով նայելով Աղդամին: Lավ է, որ հակամարտության մյուս կողմում էլ են հասկանում մարդկային կյանքի արժեքը, խաղաղություն են ուզում եւ ոչ թե պատերազմ», - ասել է ամերիկացի դիվանագետը: - «Այս այցի ընթացքում ես կողմերի մոտ նկատեցի խաղաղության հանդեպ մեծ հակվածություն: Աղդամ կատարած այցը ինձ ստիպեց մտածել կորսված մարդկային ճակատագրերի մասին»:

«Մենք պետք է ամեն ինչ անենք` անարդարությունը բացառելու եւ այս հակամարտության վերսկսումը թույլ չտալու համար», - հայտարարել է Մեթյու Բրայզան:


Հեղինե Բունիաթյան, Պրահա