Այսօր կհրապարակվեն «Օսկար»-ի թեկնածուների անունները

Այսօր երեկոյան հայտնի կդառնան Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակին առաջադրված ֆիլմերի, դերասանների ու բեմադրիչների անունները: Սակայն փետրվարի 24-ին Հոլիվուդի «Կոդակ» սրահում նախատեսված «Օսկար» մրցանակաբաշխության ավանդաբար շքեղ եւ հանդիսավոր արարողությունը վտանգված է, քանի որ Հոլիվուդի սցենարիստների գործադուլը տակավին չի ավարտվել:

Սցենարիստներին համերաշխության ձեռք են պարզել մեծ թվով անվանի դերասաններ եւ կինոբեմադրիչներ, եւ չի բացառվում, որ նրանցից շատերը պարզապես կբոյկոտեն «Օսկար»-ի հոբելյանական 80-րդ շոուն:

Այսօրվա դրությամբ հայտնի է միայն, որ հանդեսը վարելու է շոու-աստղ, CNN-ի երգիծական հեռուստածրագրի հեղինակ, գրող ու դերասան Ջոն Սթյուարթը, ով հայտնի է իր կծու հումորով եւ քաղաքական այրերին ու շոու-բիզնեսի աստղերին անխնա հեգնելու վարպետությամբ:

Սթյուարթը 2006 թվականին արդեն վարել է հանդեսը, եւ նրա աշխատանքը շատ լավ գնահատական է ստացել: Ստանալով այս տարվա երեկոն վարելու առաջարկը` նա արձագանքել է. - «Շատ ոգեւորված եմ, չէ՞ որ ամենաքաղցրը երրորդն է լինում»:

«Օսկար»-ի շնորհման հանդիսության ռեպորտաժն ԱՄՆ-ում իր վարկանիշով զիջում է միայն ամերիկյան ֆուտբոլի գավաթի եզրափակիչ հանդիպմանը: Անցյալ տարվա «Օսկար»-ի հանդեսը հեռուստատեսությամբ դիտել է 40 միլիոն 200 հազար ամերիկացի:

Սցենարիստների գործադուլի հետեւանքով այս տարի շատ համեստ միջոցառման էր վերածվել «Օսկար»-ին նախորդող «Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխությունը:

«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար»-ի հնարավոր հավակնորդների թվում են Ջոնի Դեպը, Ջորջ Քլունին, Վիգո Մորթենսենը, Դենիել Դեյ-Լյուիսը:

«Լավագուն դերասանուհի» անվանակարգում կարող են առաջադրվել Քեյթ Բլանշեթը, Հելենա Բոնհեմ Քարթերը, Ջուլի Քրիսթին եւ Անջելինա Ջոլին:

«Լավագույն բեմադրիչի» «Օսկար»-ի համար կարող են առաջադրվել Ջոել եւ Էթան Քոհենը, Փոլ Թոմաս Անդերսոնը, Շոն Փենը, Ջուլիան Շնաբելը:

Ենթադրվում է, որ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում կառաջադրվեն «Մայքլ Քլեյթոն», «Զղջում», «Արյունահեղություն կլինի», «Ամերիկացի գանգստեր» ժապավենները:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, կինոքննադատների համոզմամբ, կառաջադրվեն ռումինական «4 ամիս, 3 շաբաթ եւ 2 օր»-ը, իսպանական «Մանկատունը», իտալական «Անհայտը» եւ ֆրանսիական «Պերսեպոլիսը»:


Արմեն Քոլոյան, Պրահա