Թաներ Աքչամ. «Անցած մեկ տարում անհանդուրժողականության մթնոլորտը Թուրքիայում խորացել է»

Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից անցած մեկ տարում անհանդուրժողականության մթնոլորտը Թուրքիայում ոչ միայն չի մեղմացել, այլեւ ավելի է խորացել: Այդ մասին հայտարարել է թուրք առաջադեմ մտավորական Թաներ Աքչամը երեկ Վաշինգտոնում կայացած ասուլիսում:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, Մամուլի ազգային ակումբում կայացած հանդիպման ժամանակ պատմաբան, Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Աքչամը հայտարարել է, որ թուրքական կառավարությունը, մամուլը եւ իրավապահ մարմինները համաձայնեցված ձեւով հետապնդում եւ ահաբեկում են այն մտավորականներին, ովքեր անհամաձայնություն են հայտնում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ կառավարության վարկածին. - «Ստեղծվել է մի մթնոլորտ, որում մտավորականների դեմ հարձակումները եւ հետապնդումները դիտվում են որպես հայրենասիրական քայլ: Լրատվամիջոցները հարձակվում են մտավորականների վրա եւ նրանց վերածում զոհերի, որոնց նկատմամբ կարելի է որս սկսել ... արդարադատության համակարգը պատժում է մտավորականներին, իսկ ելուզակներին իրավապահ մարմիններն օգտագործում են որպես զինվորների` թիրախ ընտրված մտավորականների վրա հարձակվելու եւ նրանց սպանելու համար: Կառավարությունը կոծկում է այդ հանցագործությունները, լղոզում ապացույցները եւ սատարում այդ հանցագործություններին մեղսակից իրավապահներին»:

Թաներ Աքչամը համոզմամբ, Դինքը ընտրվել էր որպես թիրախ, քանի որ ուղղակի վտանգ էր սպառնում նրան, ինչ թուրքերն անվանում են «խորքային պետություն»` կառավարության ընդերքում թաքնված ազգայնական համակարգ, որը հետապնդում է բարեփոխումների կողմնակիցներին եւ այլ «թշնամիներին»:

Աքչամը Թուրքիայից հեռացել է ԱՄՆ 2001 թվականին, երբ Հայոց ցեղասպանության մասին նրա աշխատությունը լույս է տեսել անգլերեն: 2006 թվականին նա հրատարակել է «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի պատասխանատվության հարցը» գիրքը, ինչից հետո արշավը նրա դեմ Թուրքիայում նոր թափ է ստացել:

Հրանտ Դինքը սպանվել է անցյալ տարվա հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրատան դիմաց` 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից:

Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Դինքի սպանության առաջին տարելիցի կապակցությամբ վաղը Ստամբուլում անցկացվելիք հիշատակի միջոցառումներին ակնկալվում է հազարավոր մարդկանց մասնակցությունը: