Իրակլի Օքրուաշվիլիի էքստրադիցիայի հարցը կորոշվի Ֆրանսիայում

Վրաստանի ընդդիմության վտարանդի առաջնորդ, Միխեիլ Սահակաշվիլիի նախկին թիմակից, պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին Գերմանիայի դատախազությունը հանձնել է Ֆրանսիային: Երեկ նա ձերբակալվել է Բեռլինից Փարիզ ժամանելուն պես:

Գերմանական ոստիկանությունը Իրակլի Օքրուաշվիլիին ձերբակալել էր Բեռլինում նոյեմբերի 27-ին, երբ նրան կալանելու եւ էքստրադիցիայի ենթարկելու խնդրանքով դիմել էին Վրաստանի իշխանությունները: Բեռլինի դատախազը հայտարարել էր, որ Օքրուաշվիլիին Վրաստանին հանձնելու հարցը քննարկվում է եւ վերջնական պատասխանը Գերմանիան կտա 6 շաբաթ հետո: Ի վերջո, որոշվել է, որ պատասխանատվությունը պետք է ստանձնի Ֆրանսիան, քանի որ Օքրուաշվիլին Ֆրանսիայի ներկայացուցչությունից էր ստացել Շենգենյան գոտի մուտքի արտոնագիրը եւ դրանով էր մտել Գերմանիա:

Այժմ Ֆրանսիան պետք է որոշի` կամ նախկին նախարարին հանձնել վրաց իրավապահներին, կամ նրան տալ քաղաքական ապաստան:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Բեռնար Քաշիեն «Ռոյթերզ»-ին ասել է, որ «եթե Օքրուաշվիլին ունի քաղաքական ապաստան խնդրելու մտադրություն, ապա նրան կտրվի այդ հարցով դիմելու հնարավորություն, եւ այդ դիմումը կքննարկվի հնարավորինս շուտ»:

Սեպտեմբերի վերջին Օքրուաշվիլին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրել էր բռնապետական գործելակերպի, կոռուպցիայի եւ որոշ ընդդիմախոսների սպանությունները ծրագրելու մեջ: Այդ հայտարարություններից մի քանի օր անց` սեպտեմբերի 28-ին Օքրուաշվիլին ձերբակալվեց կոռուպցիայի, խոշոր չափերի դրամաշորթության, փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով: Մոտ երկու շաբաթ անց Սահակաշվիլիի նախկին թիմակիցը կալանավայրից դուրս եկավ 6 միլիոն դոլար գրավի դիմաց ու անմիջապես հրաժարվեց իր հայտարարություններից:

Նոյեմբերի լույս 1-ի գիշերը Իրակլի Օքրուաշվիլին անսպասելիորեն մեկնեց Գերմանիա: Վրաց ընդդիմադիրների պնդմամբ, իշխանությունները ստիպել են Օքրուաշվիլիին հեռանալ` վախենալով, որ նա մտադիր է Սահակաշվիլիին հասցեագրված մեղադրանքների իր փաստարկները հրապարակել նոյեմբերի 2-ին ծրագրված զանգվածային հանրահավաքում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա