Սուրբ Սարգսի տոնը այս տարի նշվելու է հունվարի 21-ին

Սուրբ Սարգսի տոնի մասին մի քանի տարի առաջ թերեւս քչերը գիտեին: Հայ առաքելական եկեղեցին նշում էր այն, սակայն դա զանգվածային բնույթ չէր կրում:

Երիտասարդներից շատերը նախընտրում են նշել Սուրբ Վալենտինի տոնը, ով նույնպես սիրո հովանավորն է, սակայն կաթոլիկ եկեղեցու հետեւորդների համար:

«Հայ առաքելական եկեղեցին բնականաբար խրախուսում է, որպեսզի երիտասարդները նշեն ազգային-եկեղեցական տոները, եթե մենք ունենք մեր տոնը, ապա նշենք այն: Քանի որ հասարակությունը քիչ տեղեկություն ունի այս մասին, մենք որոշեցինք որքան հնարավոր է շատ իրազեկել եւ միջոցառումներ կազմակերպել, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան նշել ազգային տոները», - նշում է Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը:

Այս տարի Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների թիվն ավելացել է: Հայրապետական թեմը երիտասարդներին հրավիրում է մասնակցելու նկարչության մրցույթի, որի թեման է «Սուրբ Սարգիս` սիրո բարեխոս»:

Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես կայանալու է իրական պատմությունների մրցույթ «Սուրբ Սարգիս` մեր սիրո բարեխոս», «Սուրբ Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս», եւ «Սուրբ Սարգիս` «Ամուր ընտանիք, ամուր հայրենիք» թեմաներով:


Էրիկ Ղազարյան