ՄԱԿ-ում տարածվել է Ադրբեջանի տարածքների «օկուպացիային» «իրավական գնահատական» տվող փաստաթուղթ

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհթիեւը կազմակերպության Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածել է «Ադրբեջանի տարածքների ռազմական օկուպացիան. իրավական գնահատական» վերտառությամբ փաստաթուղթ:

Ինչպես տեղեկացնում է day.az ինտերնետային պարբերականը, փաստաթուղթը պատրաստել է Ադրբեջանի արտգործնախարարության արտաքին քաղաքականության պլանավորման եւ ռազմավարական հետազոտությունների վարչությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին հասցեագրած նամակում Մեհթիեւը գրել է, թե Ադրբեջանի տարածքի զգալի մասը մինչ օրս «օկուպացված» է մնում, «ավելին` Հայաստանի զինված ուժերը հաճախ խախտում են զինադադարի մասին համաձայնությունը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ՄԱԿ-ում տարածված փաստաթուղթը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը շեշտեց, որ դա «նամակ է, որը չունի որեւէ իրավական հետեւանքներ»:

«Ցանկացած երկրի իրավունքն է նման նախաձեռնությամբ հանդես գալը», - նշեց Կարապետյանը: