Օսկանյանին ուղղված նամակում Հարաշտին մտահոգություն է հայտնում հայաստանյան լրատվական դաշտում տիրող իրավիճակի կապակցությամբ

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին այսօր նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին` իր մտահոգությունը հայտնելով Հայաստանի լրատվական դաշտում տիրող իրավիճակի, մասնավորապես` Գյումրիի ԳԱԼԱ հեռուստանկերության շուրջ զարգացող իրադարձությունների առթիվ:

«Հեռուստաընկերությունը կարող է փակվել իշխանությունների ճնշումների արդյունքում», - ասված է Հարաշտիի նամակում:

ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ անհանգստություն է հայտնել «Չորրորդ իշխանություն» թերթի գրասենյակի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի առթիվ:

«Անկախ եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների դեմ վերջին ոտնձգություններն ու բռնությունները նպաստում են հայաստանյան լրատվության ոլորտում վախի մթնոլորտի ձեւավորմանը», - ասել է Հարաշտին: - «Ես համոզված եմ, որ տեղական իշխանությունները կամայական որոշումներ չեն կայացնի եւ կդրսեւորեն կամք` փոխզիջումային լուծումներ գտնելու համար»:

«Չորրորդ իշխանության» հետ կապված միջադեպի կապակցությամբ Հարաշտին նաեւ նշում է. - «Ես կոչ եմ անում հայաստանցի իրավապահներին պատժել մեղավորներին` ոչ միայն հանուն արդարության, այլեւ երկրում խոսքի ազատությունը պաշտպանելու համար»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա