PEW RESEARCH. «Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում Չինաստանն ավելի լավ համբավ է վայելում, քան ԱՄՆ-ը»

Համաշխարհային նոր գերտերությունը` Չինաստանը աշխարհում կա’մ շատ չեն սիրում, կա’մ այդ երկրին վերաբերում են անսահման համակրանքով: Նման հետեւության են հանգել Վաշինգտոնում գործող PEW RESEARCH հետազոտական կենտրոնի վերլուծաբանները:

Աշխարհի 46 պետություններում անցկացված հարցման մասնակիցների տեսակետները գրեթե կիսվել են: Չինաստանի` տարեցտարի աճող համաշխարհային ազդեցությունը հատկապես դուր է գալիս Աֆրիկայի ու Lատինական Ամերիկայի բնակիչներին: Այսպես, Մալիի եւ Փղոսկրի Ափի հարցված բնակչության 92 եւ Վենեսուելայում հարցվածների 61 տոկոսը համոզված է, որ Չինաստանը այսօր դրական դեր է խաղում միջազգային հարաբերություններում:

Այս առումով փոքր-ինչ ավելի հոռետես են Չինաստանի անմիջական հարեւանները: Օրինակ, Ճապոնիայում հարցվածների 67 տոկոսը բացասական է վերաբերում Չինաստանին: Ճապոնացիների ավելի քան 80 տոկոսին անհանգստացնում է հատկապես Չինաստանի աճող ռազմական հզորությունը:

PEW RESEARCH-ի մասնագետները առանձնացրել են նաեւ պետությունների մի խումբ, որոնց բնակչության վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ աստիճանաբար դրականից դեպի բացասականն է թեքվում: Ասենք, եթե 2002 թվականին հարցմանը մասնակցած Ռուսաստանի քաղաքացիների 71 տոկոսը դրական էր արտահայտվել Չինաստանի մասին, ապա այսօր այդ ցուցանիշը իջել է 60 տոկոսի: Մեծ Բրիտանիայում այս ցուցանիշը 65 տոկոսից հասել է 49-ի:

Հակաչինական տրամադրությունների ամենազգալի աճն արձանագրվել է Թուրքիայում: Եթե 2005 թվականին զարգացման չինական մոդելի եւ աշխարհում Չինաստանի աճող դերակատարության մասին դրական էր խոսել հարցված թուրքերի 40 տոկոսը, ապա այսօր այդ ցուցանիշը անկում է ապրել` հասնելով 25 տոկոսի:

PEW RESEARCH-ի վերլուծաբանները, սակայն, նշում են, որ վերջին հարցման արդյունքները վկայում են, որ Աֆրիկայում եւ Lատինական Ամերիկայում Չինաստանն անհամեմատ ավելի լավ համբավ է վայելում, քան Միացյալ Նահանգները: Աֆրիկայում հարցվածների 65 եւ Lատինական Ամերիկայի հարցված բնակիչների 52 տոկոսը համոզված է, որ Չինաստանի ազդեցությունն այս տարածաշրջաններում շատ ավելի դրական արդյունքների է հանգեցնում, քան Միացյալ Նահանգների գերակայությունը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա