Մամուլի տեսություն

(Շաբաթ, 15-ը դեկտեմբերի)

«Չորրորդ իշխանություն»֊ը կանխատեսում է. - «Ի՞նչ սցենար են մտածել իշխանությունները: Դատելով նրանց հայտարարություններից, մտադիր են ընտրատեղամասերում (թիվն էլ են նշում՝ 400-֊500 տեղամասերում) «չորով» կեղծիքներ անել, իսկ դիմադրության հանդիպելու դեպքում «կռիվ֊-թամաշա» սարքել ու դա ներկայացնել որպես Լեւոն Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցների հրահրած «քաղաքացիական բախումներ»: Ընդ որում, բացահայտորեն ակնարկվում է, որ կարող են նաեւ սպանություններ լինել (արդեն այսօր ողջ պետական քարոզչամեքենան ամենատարբեր առիթներով հասարակությանը «հիշեցնում է», որ ՀՀՇ-֊ն ինքն իր վրա կրակելու մեծ փորձ ունի): Պարզ ասած, իշխանությունները ընդդիմությանը «մեսիջ» են ուղարկում, որի իմաստը հետեւյալն է. «Այո, մենք կեղծելու ենք ընտրությունների արդյունքները, կեղծելու ենք զանգվածաբար, եւ եթե դիմադրեք՝ ձեզ «քաղաքացիական բախումներ հրահրելու» մեղադրանք ենք առաջադրելու: Գուցե նաեւ զոհեր լինեն, բայց դրա համար էլ ենք ձեզ մեղադրելու: Այնպես որ, համակերպվեք 5֊-6 տոկոս ստանալու մտքի հետ, հանրահավաքներ մի արեք եւ դրսի աջակցությանը մի ապավինեք»:

Որքանո՞վ արժանահավատ է Լեւոն Տեր-֊Պետրոսյանի հայտարարությունը, թե իրեն ընդամենը 3 տարի է պետք մաքրելու «ավգյան ախոռները», որից հետո պատրաստ է առհավետ հրաժեշտ տալ քաղաքականությանը։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, քաղաքագետ Սուրեն Զոլյանը կարծիք է հայտնել, որ նախկին նախագահը անկեղծ չէ իր մտադրություններում. «Պետք չէ նախագահ լինել ավգյան ախոռները մաքրելու համար։ Եթե դա է նպատակը, կարող էր միանալ ընդդիմադիր թեկնածուներից մեկին, կոալիցիայի մեջ մտնել եւ, վերջինիս ընտրվելու դեպքում, նրա մոտ դատախազ աշխատել։ Կամ՝ ավգյան ախոռները մաքրելու գծով կոմիտե ստեղծել եւ ղեկավարել այդ կոմիտեն։ Ռացիոնալ մտածողությունն ասում է, որ պետք է պաշտպաներ նախ եւ առաջ Վազգեն Մանուկյանին, որին հենց ինքը 96-ին զրկեց նախագահի պաշտոնից»։

«Առավոտ»֊-ն իր խմբագրականում փաստում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմադիր թեկնածու է: Առաջադրված 7 այլ թեկնածուները նույնպես հայտարարում են, թե նրանք ընդդիմություն են, եւ տրամաբանական կլինի ենթադրել, որ նրանք, գոնե որոշ հարցերում, պետք է որ առաջին նախագահի «գործընկեր»-֊ը լինեն: Բայց առայժմ թվում է, որ այդ 7 հոգին ընդդիմադիր են ոչ թե ներկա իշխանություններին, այլ ... դարձյալ Լեւոնին, ընդ որում ոչ թե այսօրվա նախագահի թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին, այլ երկրի երեկվա ղեկավարին: Մի խոսքով, ընդդիմադիր են անցյալին, ոչ թե ներկային: Բայց ակնհայտ է, որ եթե նախագահի թեկնածուները չկենտրոնանան այսօրվա արատների քննադատության վրա, չառաջարկեն դրանք հաղթահարելու ճանապարհները, ապա նրանք դարձյալ մասնակցում են ընտրարշավին ոչ թե նախագահ դառնալու, այլ ուրիշ նպատակներով»:

«Հայկական ժամանակ»֊-ը այսպես է ներկայացնում Արտաշես Գեղամյանի եւ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի սեպտեմբերյան հանդիպումը. - «Գեղամյանի եւ Տեր-֊Պետրոսյանի հանդիպումը ունեցել է հետեւյալ ընթացքը. նախ Գեղամյանը ներկայացրել է այն աղետալի վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, ապա դիֆիրամբներ է ձոնել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, որպես առաջին նախագահ: Հետո ասել է, որ ինքը, այսինքն՝ Գեղամյանը, ոչ մի ամբիցիա չունի: Ասել է, որ միայն Լեւոն Տեր֊-Պետրոսյանը երկիրը կարող է հանել այս վիճակից: Ասել է, որ եթե անգամ ինքը, այսինքն՝ Գեղամյանը, հայտնվի նախագահի պաշտոնում, չի պատկերացնում, թե ինչպես է երկիրը դուրս բերելու այս վիճակից: Ասել է, որ «Ազգային միաբանություն»-ը հզոր ուժ է, եւ միայն այդ ուժը կարող է վճռական աջակցություն ցույց տալ Տեր֊-Պետրոսյանին: Եվ, որ ամենակարեւորն է, «Ազգային միաբանություն»-ը պետք է համոզված լինի, որ իր դերը պատշաճ կերպով կգնահատվի հետագայում: Տեր֊-Պետրոսյանը սրան ի պատասխան ասել է, որ այդ մասին չի կարող որեւէ խոսակցություն լինել, եւ շարժումն ինքը պետք է վեր հանի յուրաքանչյուր ուժի դերն ու վաստակը: Սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած այդ խոսակցությունը սրանով ավարտվել է»:

«168 ժամ»-֊ի մեկնաբանը կարծիք է հայտնում. - «Մեր հասարակությունը, գլոբալ իմաստով, մեղավոր, ոչ ազնիվ մարդկանց հասարակություն է: Հիշենք, որ մեր հասարակության զգալի մասը ներգրավված էր ընտրակեղծիքների եւ ընտրակաշառք վերցնելու գործում: Որ մեր հասարակության համար ամենաարժեքավոր գեղարվեստական կինոնկարը «Վերվարածներն» են, ինչպես գրող, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանն է ասում՝ «ամբախ-֊զամբախ հռհռալը», էժան հումոր փնտրելը եւ այլն: Մենք բոլորս՝ միասին վերցրած եւ առանձին֊-առանձին, գուցե ենթագիտակցական մակարդակում, մեզ մեղավոր ենք զգում»:


Արմեն Դուլյան