«Մեր հաջողության գրավականը ոչ թե օրվա կատարումն էր, այլ երգը»

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը կանխավ ներողություն խնդրեց եւ ասաց, որ Ռոտերդամում ուրախությունից այնքան է բղավել, որ ձայնը կտրվել է:

Լրագրողները եւ հեռուստադիտողները նկատեցին, որ Ռոտերդամում երեխաները երգն այնքան էլ լավ չկատարեցին: Համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը, Արմեն Ամիրյանը եւ արեւիկցիները հիմնական պատճառը հուզմունքն են համարում եւ ոչ թե ձայնային տվյալները:

Մի քանի օր է, ինչ լուրեր են պտտվում, թե Բելառուսը դիտավորյալ Հայաստանին 7 միավոր տվեց, որպեսզի իր երկրի ներկայացուցիչը հաղթող ճանաչվի: Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանն ասաց, որ այդպիսի բան անել հնարավոր չէ, քանի որ բոլոր երկրների հեռուստադիտողների ձայները վերահսկում եւ հաշվում է Գերմանիայի «Դիգամե» ընկերությունը:

Այսօր «Արեւիկ»֊-ի անդամներին ընդունել են նաեւ Ազգային ժողովում` խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանի հրավերով, շնորհավորական ուղերձ է հղել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով բացակայում է Հայաստանից:

«Կարծում եմ, որ հանրապետության նախագահը, Էմիրություններից վերադառնալուն պես, եւս պետք է ընդունի երեխաներին», - վերջում ավելացրեց Արմեն Ամիրյանը:

Ազգային ժողովի մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այսօր կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Թորոսյանը համույթին է հանձնել Ազգային ժողովի պատվոգիր, իսկ 8 երգիչներին` հուշանվերներ:

Խորհրդարանի նախագահը «Արեւիկ»-ի հիանալի ելույթը եվրոպական բեմում կարեւորել է մի քանի առումներով` նախ, որ շնորհիվ նրանց քանիցս հնչեց Հայաստանի անունը եւ ծածանվեց Հայաստանի Հանրապետության դրոշը, ապա` ի տարբերություն այլ երկրների տարեկիցների` հայերեն երգելու ու հայ երգը սիրելի դարձնելու համար, եւ վերջապես` մանկական ոգին ու էությունը պահպանելու համար:


Լիանա Մնացականյան