Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկարաժամկետ դիտորդների չի հրավիրի

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հետեւելու համար Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրելու է միայն կարճաժամկետ դիտորդների, ինչը, սակայն, չի ենթադրում, որ ընտրություններում չեն լինելու միջազգային երկարաժամկետ դիտորդական առաքելություններ: Այդ մասին ասված է հանձնաժողովի մամուլի քարտուղարի այսօր տարածած հաղորդագրությունում:

Մամուլի քարտուղարը պարզաբանում է, որ Ընտրական օրենսգրքի հոդված 28-ի համաձայն` միջազգային դիտորդական առաքելություն հրավիրելու իրավունք ունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովը, կառավարությունը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հետեւաբար, այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հրավիրելու երկարաժամկետ դիտորդների, չի ենթադրում, որ այդպիսիք չեն հրավիրվելու առհասարակ:

Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մենք երկարատեւ համագործակցության փորձ ունենք ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հետ եւ մշտական շփումների մեջ ենք ներկայացուցիչների հետ` դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ»:

«Հրավերը` նախագահական ընտրությունները դիտարկելու համար, մենք կներկայացնենք պատշաճ ժամկետներում», - վստահեցրեց արտգործնախարարության խոսնակը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Ադամյանը խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանի անունից փոխանցեց, որ «հրավերները՝ խորհրդարանական դիտորդական պատվիրակություններին կարվեն պահանջված ժամկետում եւ միասին»:

ԵԱՀԿ-֊ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ուրդուր Գունարսդոտիրը Վարշավայից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ կազմակերպությունն այս հարցով շփումների մեջ է Հայաստանի իշխանությունների հետ, արդեն իսկ Հայաստան են ուղարկել իրենց դիտորդական առաքելությունը նախապատրաստող թիմ:

Այն հարցին, թե արդյո՞ք հրավերն ստանալու վերջնաժամկետ կա՝ երկարաժամկետ առաքելություն իրականացնելու համար, խոսնակը պատասխանեց. - «Մենք հստակ սահմանված վերջնաժամկետ չունենք, բայց միջինը վեց շաբաթ գոնե ընտրություններից առաջ երկրում լինելը ցանկալի է»:

Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ առաջիկա ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրված է մոտ 5550 դիտորդ, որոնք ներկայացնում են չորս տեղական հասարակական կազմակերպություն. «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն, «Ազատ հասարակության ինստիտուտ», «Ընտրությունը քոնն է» եւ «Մուտք»:

Հավատարմագրման առումով թե միջազգային, թե տեղական դիտորդները ժամանակ ունեն մինչեւ փետրվարի 9-֊ը:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյան)