Արմեն Հարությունյան. «Մարդու իրավունքների պաշտպանությունը ազգային անվտանգության մակարդակի հարց է»

Մարդու իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուր պետության համար ազգային անվտանգության մակարդակ ունեցող հարց է: Այդ մասին հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ երեկ կազմակերպված քննարկման ժամանակ:

Նրա բնորոշմամբ, Հայաստանում այդ ոլորտում անելիքները բազմաթիվ են, իսկ առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիների ինքնագիտակցությունը. - «Որպեսզի նրանք մեկ բան միանշանակ հասկանան, որ մարդու իրավունքների համար առաջին պաշտպանը իրենք են` քաղաքացիները»:

Տեսականորեն Հայաստանում օրենքները փոխվում են, եւ այդ առումով, ասաց մարդու իրավունքների պաշտպանը, խնդիրներ գրեթե չկան, գործնականում, սակայն, այդ օրենքների կիրառման առումով խնդիրները բազմաթիվ են. - «Անցումային շրջանի երկրները անցումային շրջանում երկար չեն կարող մնալ. նրանք կամ առաջ պետք է գնան, կամ հետ: Եվ այս տեսակետից մեր առջեւ, իրոք, առաջին չափանիշը մնում է մարդու իրավունքների երաշխավորված լինելը»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե իր կարծիքով` Հայաստանը հիմա առա՞ջ է գնում, դոփո՞ւմ է տեղում, թե՞ ետ է մնացել, օմբուդսմենը այսպես պատասխանեց. - «Եթե հետ գնայինք, տոտալիտար համակարգ լիներ, ոչ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ կունենայինք, ոչ էլ մենք հիմա այսօր ձեզ հետ կխոսեինք: Բայց դրա հետ մեկտեղ` պետք է նաեւ հաշվի առնենք, որ եթե առաջ չգնանք` կամաց-կամաց ավտոմատիկ հետ կընկնենք: Երկու հուսադրող երեւույթներ ունենք` սահմանադրական բարեփոխումները, որոնք, իրոք, ֆորմալ-իրավաբանական տեսակետից բոլոր խոչընդոտները վերացրեցին, եւ վերջին պառլամենտական ընտրությունները, բայց շարունակականությունը պետք է ապահովվի»:

Իսկ հարցին ավելի կոնկրետ պատասխանելու խնդրանքին նա արձագանքեց. - «Առաջ ենք գնում, բայց տեմպերը դանդաղ են»:

Նույն հարցին ի պատասխան` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծիք հայտնեց, որ երկրում անցումային շրջանն ավարտվել է 1995 թվականի ընտրություններից հետո. այն ժամանակ որոշվեց, թե ինչ ուղղությամբ պետք է գնա Հայաստանը:

«95-ի ոչ ժողովրդավարական ընտրություններից հետո առայսօր շարունակում ենք խոսել արդար, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին», - ասաց իրավապաշտպանը` ընդգծելով. - «Մենք գնացել ենք ավտորիտար ճանապարհով, ոչ ժողովրդավարական, իսկ այն երկրները, որոնք դիմացան ընտրությունների փորձությանը` գնացին ժողովրդավարության ճանապարհով: Մենք հետ ենք գնացել»:

Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից էլ, իրավապաշտպանի խոսքով, Հայաստանը գործնականում կատարել է միայն երկուսը` վերացրել է մահապատիժը, կալանավայրերը հանձնվել են արդարադատության նախարարությանը: Մնացած պարտավորությունները, ըստ նրա, ձեւականորեն են կատարվել` մնացել են թղթի վրա:

«Օրենքով ստեղծվեց Հանրային հեռուստատեսություն, բայց, փաստորեն, իր բնույթով մնաց իշխանություների խոսափողը: Ավելին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծմամբ մենք 2002 թվականից ունեցանք մի մեծ քայլ նահանջ խոսքի ազատության բնագավառում», - շեշտեց Իշխանյանը:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կարծիքով եւս` մարդու իրավունքների ոլորտում «մենք առաջ չենք գնում, ընդհակառակը` հետընթաց է». - «Ունենք քաղբանտարկյալներ, ունենք դատարանի, Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշում, որը ի կատար չի ածվում: Չունենք խոսքի ազատություն, հետեւաբար` չենք կարող ունենալ ազատ մարդ եւ չենք կարող ունենալ ազատ երկիր: Սա է հայաստանյան իրավիճակը»:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաեւ Թեղուտի հանքավայրի շահագործման խնդիրներին: Թե Ավետիք Իշխանյանի, թե Զարուհի Փոստանջյանի եւ թե Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանի վկայությամբ` այդ հանքավայրի շահագործումը, տարածքի անտառահատումը էկոլոգիական աղետ է լինելու:


Կարինե Քալանթարյան