Մամուլի տեսություն

«Ինչի՞ շնորհիվ վերականգնվեց աղետի գոտին», - հարցին ի պատասխան «Հայոց Աշխարհ» թերթը շեշտել է՝ «Գաղափարախոսության փոփոխության», ու հավելել. - «Չնայած բոլոր առարկայական ու ենթակայական բնույթի արգելքներին ու խոչընդոտներին, աղետի գոտու վերականգնման խնդրին առաջնահերթ կարեւորություն տալու գործող իշխանությունների ռազմավարությունը շարունակվեց՝ հանգեցնելով Սպիտակում, Գյումրիում եւ այլ բնակավայրերում մեր աչքի առաջ վեր խոյացող նոր թաղամասերի կառուցմանը»։ «Արդյունքում՝ ներկայումս արդեն կարելի է խոսել «աղետի գոտի» հասկացության վերացման մասին», - եզրափակել է թերթը։

Իր հերթին, «Ազգ» թերթի մեկնաբանը, անդրադառնալով աղետի գոտում դեռեւս առկա անօթեւանության խնդրին, գրել է. - «Դրանք իսկապես անօթեւան ընտանիքներ են, քանի որ օթեւան չես կոչի մոտ քսան տարի «ժամանակավոր կացարան» հուսադրմամբ տեղակայված տնակները, որոնք, զուրկ լինելով տարրական հարմարություններից, արդեն դժվար է ուղղակի կայուն ծածկ համարել։ Եվ որքան քայքայվել են դրանք, առավել մեծ է հուսալքությունը դրանց բնակիչների»։ «Բայց ո՞ւմ է դա հետաքրքրում», - հարցրել է մեկնաբանն ու բխեցրել. - «Այդ նույն աղետի գոտին այդպես էլ չկառուցած նախկին իշխանություններն առանց ամոթի էլի իշխանություն են երազում։ Ներկայիս իշխանավորներն էլ մի կուսակցությունից երկու թեկնածու են առաջադրում կամ ընկերական-ախպերական վիճակներով էլի նույն իշխանությունն են երազում՝ կիսատ-պռատ թողած գործերից չամաչելով»։

«Ժամանակ Երեւան» թերթի խմբագրականը, հակադարձելով «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից նախկին իշխանությունների հասցեին հնչեցված մեղադրանքներին, առանձնացրել է. - «Խիստ խորհրդանշական է, որ երկրաշարժի 19-րդ տարելիցի հենց նախօրեին երկրի առաջին դեմքը խոսեց ոչ թե ավերիչ երկրաշարժի, նրա պատճառած անդառնալի կորուստների, ցավի ու տառապանքի, վերջապես` մարդկային կարեկցանքի ու գթասրտության մասին, այլ լուտանքներ թափեց երկրաշարժի ծանրությունն իր ուսերին տարած իշխանության ու մարդկանց հասցեին»:

Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչած մտքին, թե՝ «ՀՀՇ-ական գործիչների ոչ մի հալածանք չի եղել: Հակառակ դեպքում նրանց կեսը մինչեւ հիմա նստած կլիներ բանտում՝ խոշոր յուրացումների համար», - «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը արձագանքել է. - «Ուրեմն, երկրի նախագահը գիտի «ՀՀՇ-ական գործիչների կեսի» կատարած լուրջ հանցագործությունների մասին, բայց դրա մասին չի տեղեկացնում իրավապահ մարմիններին»: «Մնում է միայն խնդրել հարգարժան դատախազ Աղվան Հովսեփյանին, որ նա անհապաղ քրեական գործ հարուցի «խոշոր հափշտակություններ» կատարած այն «կեսի», ինչպես նաեւ նրանց հանցագործությունները կոծկողների դեմ», - եզրահանգել է գլխավոր խմբագիրը։

«Ո՞ւմ համար է Ռոբերտ Քոչարյանի նոր օդանավը» հարցին ի պատասխան` «Իսկական իրավունք»-ի գլխավոր խմբագիրը ենթադրել է. - «Նոր օդանավի գնումը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի՝ «ամենաերիտասարդ թոշակառուն» չդառնալու մտադրության լույսի ներքո եւ, պատկերավոր ասած, ՀՀ երկրորդ նախագահը ոչ մի տեղ էլ չի պատրաստվում հեռանալ իր առաջնային դիրքերից։ Նոր օդանավը պարզապես դառնում է դրա խորհրդանիշը, եւ միգուցե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է այս երեք ամիսների ընթացքում «եվրոպական չափանիշներին համապատասխանող» օդանավը շատ ակտիվ օգտագործել տարատեսակ արտերկրյա ուղեւորությունների համար»։ «Վերջերս նկատվում է նաեւ այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկացած առիթ օգտագործում է որեւէ տեղ «հանդիսավոր բացում» անելու եւ քաղաքական ճառով կամ առնվազն ճեպազրույցով հանդես գալու համար։ Եվ տպավորությունն այնպիսին է, որ նա վարում է սեփական ընտրարշավը», - գրում է «Իսկական իրավունք»-ի խմբագիրը` բխեցնելով. - «Ու թեեւ վարչապետի պաշտոնն ընտրովի չէ, կարելի է կարծել, որ նախագահական ընտրություններից հետո նա պատրաստվում է ստանձնել հենց այդ պաշտոնը»։

«Հայք» թերթը իր խմբագրականում գրում է. - «Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը տեւական ժամանակ գտնվում է արտերկրում։ Շրջանառվող լուրերի համաձայն, Ավետիսյանը բուժվում է եվրոպական երկրներից մեկում»։ «Երեկ մայրաքաղաքում լուրեր էին պտտվում, թե Արմեն Ավետիսյանը, հակառակ իր կամքի, այսօր ուշ երեկոյան կամ վաղն առավոտյան կժամանի Երեւան», - գրել է թերթն ու հավելել, թե «մի շարք աղբյուրների համաձայն, օրերս Ռոբերտ Քոչարյանի համար ձեռք բերված օդանավի համար մոտ 15 միլիոն դոլար է վճարել անձամբ Արմեն Ավետիսյանը»։ Ըստ թերթի, «Երեւանում որոշ ժամանակ անցկացնելուց հետո Ավետիսյանը կրկին կմեկնի արտերկիր, սակայն մինչ այդ ծրագրվում է միավորել հարկային եւ մաքսային կառույցները»:


Ատոմ Մարգարյան