Վարդան Օսկանյան. «Ղարաբաղի հարցում մենք չենք հետեւում նախադեպերին»

Բոլոր հակամարտությունները տարբեր են ըստ էության, եւ դրանցից յուրաքանչյուրի լուծումը կարող է ունենալ իր անհատական ձեւը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում պատասխանելով հարցին` կարո՞ղ է արդյոք Կոսովոն նախադեպ դառնալ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար:

«Միջազգային հարաբերություններում նախադեպերը, մեր ցանկությունից անկախ, որոշակի ազդեցություն ունենում են: Դրանց կրկնությունը ժամանակի հետ դառնում է միջազգային իրավունքի հիմք: Սակայն կոնկրետ Lեռնային Ղարաբաղի հարցում մենք չենք հետեւում նախադեպերին», - ասել է Օսկանյանը` հավելելով. - «Մեր մոտեցումը հակամարտություններին առնչվող հարցերին եղել եւ մնում է հետեւյալը. բոլոր հակամարտությունները տարբեր են իրենց էությամբ, եւ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Առավել եւս, որ Lեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները անցկացվում են ինքնորոշման սկզբունքի շրջանակներում»:

Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ «եթե միջազգային հանրությունը ցանկանում է հասկացնել Lեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Կոսովոյի անկախությունը չի ենթադրում Ղարաբաղի` ավտոմատ կերպով անկախության ձեռք բերում, ապա միեւնույն ժամանակ պետք է պարզաբանի Ադրբեջանին Lեռնային Ղարաբաղի կողմից ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրականացման հնարավորությունը»:

Հայաստանի արտգործնախարարը կտրականապես հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե Վրաստանից Գյումրիի ռազմակայան տեղափոխվող ռուսաստանյան սպառազինությունների մի մասը այնուհետեւ փոխադրվում է Lեռնային Ղարաբաղ. - «Այդ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, եւ Բաքուն դրանցով սոսկ քարոզչական նպատակներ է հետապնդում»:

«Հատկանշական է, որ այն երկիրը, որն անհանգստացած է տարածաշրջանում սպառազինությունների ենթադրյալ ավելացմամբ, ինքն է խախտում Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, չի թաքցնում իր ռազմատենչ տրամադրությունները եւ բազմիցս, նաեւ` ամենաբարձր մակարդակներով, հայտարարում է Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրության մասին», - շեշտել է Վարդան Օսկանյանը:

Մոսկվա կատարելիք այցի նախօրեին տված հարցազրույցում անդրադառնալով նաեւ հայ - ռուսական հարաբերություններին` Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, հայտարարել է. - «Մենք Ռուսաստանն ընկալում ենք որպես պետություն, որի ազդեցությունն աշխարհում օրըստօրե ավելանում է եւ որի հետ Հայաստանը ռազմավարական գործընկերության հարաբերություններ ունի: Վստահ ենք, որ Ռուսաստանում եւս մեզ ընկալում են որպես կայուն եւ հուսալի գործընկերոջ»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա