Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունները` անարդյունք

Կոսովոյի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցող միջազգային եռյակը` Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները երեկ ուշ երեկոյան հայտարարեցին, թե Սերբիայի իշխանությունների եւ Կոսովոյի ալբանացիների միջեւ շուրջ մեկեւկես տարի շարունակված բանակցությունները այդպես էլ որեւէ արդյունք չեն տվել:

«Դեկտեմբերի 10-ին մենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կներկայացնենք մեր վերջնական հաշվետվությունը», - հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչ Վոլֆգանգ Իշինգերը:

Փաստաթղթի բովանդակությունը առայժմ չի հրապարակվում: Այդուամենայնիվ, պատասխանելով սերբ լրագրողների հարցերին, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը մանրամասնել է. - «Փաստաթուղթը լուծումներ չի առաջարկի, այն ընդամենը ամրագրելու է, որ բանակցությունների ընթացքում կողմերին չի հաջողվել գտնել խնդրի լուծման բանալին»:

«Բանակցությունները շարունակել-չշարունակելու հարցն այլեւս հակամարտող կողմերը պետք է վճռեն. մենք ավարտեցինք մեր առաքելությունը», - իր հերթին, ընդգծել է միջազգային եռյակի ամերիկացի ներկայացուցիչ Ֆրանկ Վիսները:

Այս հարցում ամերիկացի եւ ռուս դիվանագետների դիրքորոշումները տարբերվում են. պաշտոնական Մոսկվայի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն պնդում է, որ բանակցություններն այս ձեւաչափով պետք է շարունակվեն, եւ որ խնդրի կարգավորման ուղղությամբ վերջնական խոսքը պետք է ասի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Մինչդեռ, ամերիկացի դիվանագետ Ֆրանկ Վիսները պնդում է, թե ՄԱԿ-ում հարցը լսելուց հետո այլեւս առանձին երկրների կառավարությունները պետք է որոշեն` ճանաչե՞լ Կոսովոյի անկախությունը, թե՞ ոչ:

Եվրամիությունը առայժմ մեկ միասնական դիրքորոշում չի արտահայտում: Այդուամենայնիվ, եվրոպական ընտանիքի ներկայացուցիչը պնդում է, թե ստատուս քվոն ընդունելի չէ, եւ հարկավոր է խնդրի շուտափույթ լուծում գտնել:


Հեղինե Բունիաթյան, Պրահա