Աննապոլիսում սկսվում են պաղեստինա - իսրայելական բանակցությունները

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի նախաձեռնությամբ այսօր ամերիկյան Մերիլենդ նահանգի մայրաքաղաք Աննապոլիսում սկսվում են պաղեստինա - իսրայելական բանակցությունները: Դրանք մաս կկազմեն Մերձավոր Արեւելքի խնդրին նվիրված միջազգային խոշոր խորհրդաժողովի, որին ներկա կլինեն շուրջ 50 երկրների եւ կազմակերպությունների պատվիրակներ:

Խորհրդաժողովին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների թվում են Ջորջը Բուշը, ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը, արտգործնախարար Ցիպի Լիվնին, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, բանագնաց Յասեր Աբեդ Ռաբբոն, Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մերձավոր Արեւելքի հարցով հատուկ բանագնաց, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

Աննապոլիսում Ջորջ Բուշը մտադիր է հայտնել, որ մինչեւ 2009 թվականի հունվար` իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, իր արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիր է համարելու Մերձավոր Արեւելքում հարատեւ խաղաղության հաստատումը: Ներկայացնելով Իսրայելի եւ Պաղեստինի ապագա հարաբերությունների վերաբերյալ իր պատկերացումը` Բուշն ասել է. - «Անձամբ ես ցանկանում եմ կյանքի կոչել խաղաղության եւ անվտանգության պայմաններում երկու ժողովրդավարական պետությունների կողք-կողքի ապրելու տեսլականս»:

Նույն թեզը կիրակի օրը կրկնել է ազգային անվտանգության հարցերով Բուշի խորհրդական Սթիվեն Հեդլին` ասելով, որ մինչեւ 2008-ի տարեվերջ խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին են խոսել հենց հակամարտող կողմերի ղեկավարները՝ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:

«Այս խորհրդաժողովը վկայում է, որ միջազգային համայնքը սատարում է Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանն ուղղված` վարչապետ Օլմերտի եւ նախագահ Աբասի խիզախ ջանքերին», - ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը:


Արմեն Քոլոյան, Պրահա