Լյուդմիլա Սարգսյան. «Այդ ամենը մտածված է վերեւում եւ ուղղորդված է վերեւից»

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանին դաժան ծեծի ենթարկելու հրահանգը տրված է եղել «իշխանական վերին օղակներից»:

Երեկ առավոտյան Գալստյանին ծեծի էին ենթարկել անհայտ անձինք, ինչի հետեւանքով Գալստյանը տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը Լյուդմիլա Սարգսյանը ասաց նաեւ, որ կապ է տեսնում երեկվա բռնության եւ նոյեմբերի 13-ին Նարեկ Գալստյանին եւ ուսանողական միության եւս մեկ անդամի թռուցիկներ փակցնելու համար ոստիկանություն բերման ենթարկելու միջեւ:

Սարգսյանը այսօր հայտարարեց, որ նոյեմբերի 13-ին Նարեկ Գալստյանին եւ Էդմոնդ Մակարյանին ոստիկանությունում ծեծի են ենթարկել Ոստիկանության Երեւանի վարչության պետն ու Կենտրոնի ոստիկանապետը:

«Ծեծի են ենթարկվել, ստորացման են ենթարկվել... Հեղինակները եղել են [ոստիկանության] Երեւանի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, որը անձամբ ծեծել է տղաներին, եւ Կենտրոնի ոստիկանապետ Մեհրաբյանը», - ասաց Սարգսյանը` շարունակելով. - «Մենք չէինք մտածում, որ պետք է հնչեցնել այս անունները, սակայն այսօր այդ մասին լռելը ուղղակի հանցագործություն է: Եթե գեներալ-մայորը կարող է իրեն թույլ տալ 19-20 տարեկան հայ երիտասարդին ծեծի ենթարկել եւ թռուցիկը անգամ փորձել են բերանը մտցնել` պիտի ուտես... »:

«Ես այս վերջին ծեծը Նարեկի նկատմամբ կիրառված կապում եմ նույն այդ մարդկանց անունների հետ, որոնք երկու օր հետո կատարեցին այդ գործողությունը` մտածելով, որ դրանով մեզ ահաբեկում են: Նրանք այդ ձեւով փորձեցին երիտասարդությանը ահաբեկել», - ասաց Լյուդմիլա Սարգսյանը: - «Ես չեմ կարծում, որ դա կոնկրետ ոստիկանությունն է... Հիմա ոստիկանությունը առանց վերեւից ուղղորդվելու ոչ մի քայլ չի անում: Դա ես կապում եմ անմիջապես ամենավերեւների հետ: Այդ ամենը մտածված է վերեւում եւ ուղղորդված է վերեւից»:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսօր ավելի վաղ Հյուսիսային պողոտայի բացման ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցին, այս կապակցությամբ ասել է. - «Ինչպես միշտ ընտրությունների նախաշեմին ում հետ ինչ պատահի, անպայման կապելու են քաղաքականության հետ: Օրինակ, ես այդ տղայի մասին կյանքում չէի լսել, չգիտեի որ այդպիսի գործիչ կա, որ քաղաքականության մեջ կա... Չեմ կարծում, որ երեւէ հետաքրքրություն որեւէ մեկի համար ինքը ներկայացնում էր»:

Լյուդմիլա Սարգսյանը հետեւյալ կերպ արձագանքեց. - «Ծեծի ենթարկելու ժամանակ նաեւ սպառնացել են` մյուս անգամ խոսես` կսպանենք... Էլ ի՞նչ քաղաքական ենթատեքստ է պետք այդտեղ, երբ մարդիկ բառացիորեն ասում են` մյուս անգամ լրատվության հետ գործ ունենաս եւ ինչ-որ արտահայտություն անես` կսպանենք»:


Ռուզաննա Ստեփանյան, Կարինե Քալանթարյան եւ Լիանա Մնացականյան