Վրաստանում արտակարգ դրությունը այսօր կվերացվի

Այսօր երեկոյան տեղական ժամանակով ժամը 19:00-ին Վրաստանում պետք է դադարի գործել նախագահ Միխեիլ Սահակաշվիի նոյեմբերի 7-ի հրամանագրով երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը:

Նախատեսված էր, որ արտակարգ դրությունը կգործի մինչեւ նոյեմբերի 22-ը, սակայն երեկ Վրաստանի խորհրդարանը ձայների 153 կողմ եւ 2 դեմ հարաբերակցությամբ որոշեց կրճատել դրա ժամկետը:

«Երկիրն այլեւս վտանգված չէ, եւ արտակարգ դրությունը երկարաձգելու կարիք չկա», - ասել է խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն:

Նախագահ Սահակաշվիլին արտակարգ դրություն էր հայտարարել նոյեմբերի 7-ին, երբ մայրաքաղաքում եւ մի շարք շրջաններում տեղի էին ունենում բողոքի ցույցեր եւ բախումներ ընդդիմության եւ ոստիկանների միջեւ:

Այդ օրը Թբիլիսիում ոստիկանները ջրաշիթեր, մահակներ եւ արցունքաբեր գազ կիրառեցին ու դաժան ծեծի ենթարկեցին ցուցարարներին: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, հարյուրավոր ցուցարարների, ինչպես նաեւ տասնյակ ոստիկանների հարկ եղավ բժշկական օգնություն ցուցաբերել:

Իշխանությունները եթերազրկեցին «Իմեդի» եւ «Կավկասիա» անկախ հեռուստակայանները:

Արեւմտյան երկրները եւ իրավապաշտպան կազմակերպությունները Միխեիլ Սահակաշվիլիից պահանջել են վերացնել արտակարգ դրությունը եւ վերականգնել մամուլի գործունեության բնականոն պայմանները: Մի շարք հեղինակավոր գործիչներ, այդ թվում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, մեկնել են Թբիլիսի եւ բանակցել Վրաստանի ղեկավարների հետ:

Նախագահ Սահակաշվիլին իր ձեռնարկած կոշտ միջոցներն անհրաժեշտ էր համարում «Ռուսաստանի գործակալների» ծրագրերը խափանելու համար: Ռուսաստանը, իր հերթին, կտրականապես հերքել է վրաստանյան իրադարձություններին առնչություն ունենալու` պաշտոնական Թբիլիսիի մեղադրանքները:

Միխեիլ Սահակաշվիլին 2008 թվականի հունվարի 5-ին նշանակել է նախագահական վաղաժամկետ ընտրություններ: Վրաստանի օրենքի համաձայն, նախագահը պարտավոր է վաղաժամկետ ընտրություններից 45 օր առաջ հրաժարական ներկայացնել, ինչը նշանակում է, որ նոյեմբերի 22-ին նախագահի լիազորությունները կստանձնի խորհրդարանի խոսնակ Բուրջանաձեն:

Մոսկվայում դա որակել են սոսկ որպես «ֆարս, որի շնորհիվ Սահակաշվիլիի ռեժիմը ցանկանում է պահպանել իշխանությունը»:

Միխեիլ Սահակաշվիլին իշխանության է եկել 2003 թվականին` «վարդերի հեղափոխության» շնորհիվ: Արեւմուտքն այն ժամանակ սատարել է Սահակաշվիլիին` նրան համարելով ժողովրդավարության եւ ազատ շուկայի արժեքների ջատագով:

Սահակաշվիլիի ընդդիմախոսները, մինչդեռ, նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ եւ պնդում են, որ նա տապալել է երկրի տնտեսության զարգացման ծրագրերը:

Վրաստանի նախագահը հերքում է այդ մեղադրանքները:


Արմեն Քոլոյան, Պրահա