Միացյալ Նահանգները մտահոգված է Ադրբեջանում լրատվամիջոցների հետ կապված իրավիճակով

Ամերիկայի Միացյալ Նահանգները վերստին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրատվամիջոցների հետ կապված իրավիճակով:

Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանում վերջին իրադարձությունները վկայում են անկախ եւ ընդդիմադիր մամուլի նկատմամբ իշխանությունների նպատակաուղղված ճնշման միտումների առկայության մասին:

Պետդեպարտամենտի խոսնակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հավատարիմ մնալ խոսքի ազատությունը հարգելու իր պարտավորություններին եւ սատարել անկախ մամուլի զարգացումը:

Հայտարարությունում մատնանշվում են նոյեմբերի 11-ին «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Հանիմաթ Զահիդի կալանման, ինչպես նաեւ հոկտեմբերի վերջին «Ռեալնիյ Ազերբայջան» թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւին 8,5 տարվա ազատազրկման դատապարտելու փաստերը:

Հանիմաթ Զահիդը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` «թեթեւ մարմնական վնասվածքներ հասցնելու» եւ «խուլիգանության» համար:

Օրեր առաջ քաշքշուկ էր տեղի ունեցել Զահիդի եւ ոմն Վուսալ Հասանովի միջեւ, ինչից հետո վերջինս գանգատ է ներկայացրել` «Ազադլիգ»-ի խմբագրին մեղադրելով իրեն ծեծելու մեջ: Լրագրողը, սակայն, պնդում է, որ իրեն ներքաշել են քաշքշուկի մեջ:

Հասանովը եւս կալանված է, նրան նույն մեղադրանքներն են առաջադրվել: