Ֆինլանդիան «ջանքեր կգործադրի ղարաբաղյան հարցի լուծումը առաջ մղելու համար»

Ֆինլանդիայի նախագահ Տարիա Հալոնենը այդ երկրում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր երկիրը, որը եկող տարի ստանձնելու է նախագահությունը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ), ջանքեր կգործադրի Lեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը առաջ մղելու համար:

«Մենք հնարավորինս կանենք` առաջ մղելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը», - ասել է Հալոնենը: - «Եվ մենք զգուշավոր լավատեսություն ունենք, որ կարող ենք առաջ մղել գործընթացը, երբ նախագահենք ԵԱՀԿ-ում... Զգուշավոր անձնավորություն լինելով, ես չեմ ասում, թե մենք կարող ենք լուծել այդ խնդիրը: Բայց` ինչո՞ւ ոչ»:

Հաղորդելով այս մասին` «Ֆրանսպրես»-ը հիշեցնում է, որ անցած շաբաթ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե այնքան էլ լավատես չէ, որ մինչեւ գալիք նախագահական ընտրությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է առաջընթացի հասնել:

Հայաստանի նախագահի պաշտոնական այցելությունը Ֆինլանդիա ավարտվում է նոյեմբերի 7-ին:


Հրաչ Մելքումյան, Պրահա