Դենիել Ֆրիդը կայցելի Ադրբեջան

ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական գործերով տեղակալ Դենիել Ֆրիդը այս շաբաթ կայցելի Ադրբեջան:

Ինչպես day.az ինտերնետային պարբերականին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից, այցի շրջանակներում ամերիկացի դիվանագետը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ այլ պաշտոնյաների հետ:

Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին, անվտանգությանը, ժողովրդավարությանը, մամուլի հետ կապված իրավիճակին առնչվող եւ այլ հարցեր:

Դենիել Ֆրիդը Բաքու է մեկնելու Թբիլիսիից:

Հարցին, թե արդյո՞ք նախատեսված է Ֆրիդի այցը նաեւ Հայաստան, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին պատասխանեցին, որ «ամերիկյան կողմը Հայաստանի արտգործնախարարությանը նման այցի կազմակերպման հարցով չի դիմել»:


Կարինե Քալանթարյան