Իրաքի կառավարությունն անձեռնմխելիությունից զրկում է անվտանգության օտարերկրյա ընկերությունների աշխատակիցներին

Իրաքի կառավարությունն այսօր հավանություն է տվել օրենքի նախագծին, որով վերացվում է անվտանգության օտարերկրյա մասնավոր ընկերությունների աշխատակիցների անձեռնմխելիությունը երկրի տարածքում:

Կառավարության խոսնակ Ալի ալ-Դաբաղը պարզաբանել է, որ օրենքը «ոչ իրաքյան ընկերություններին եւ դրանց աշխատակիցներին ենթակա է դարձնելու Իրաքի օրենսդրությանը», մասնավորապես, հնարավորություն է ընձեռելու խուզարկել օտարերկրացի թիկնապահներին, իսկ վերջիններս կարող են զենք կրել միայն համապատասխան թույլտվություն ունենալու դեպքում:

Ըստ ալ-Դաբաղիի, նոր օրենքի նախագիծը խորհրդարանի վավերացմանն է ներկայացվելու մոտ օրերս:

Իրաքում անվտանգության օտարեկրյա ընկերությունների աշխատակիցների գործունեության կանոնակարգման հարցի շուրջ բանավեճերը թեժացան հատկապես վերջին երկու ամիսներին, երբ սեպտեմբերին Բաղդադում ամերիկյան «Բլեքուոթեր» ֆիրմայի աշխատակիցների արձակած կրակոցներից զոհվեց 17 քաղաքացիական անձ, իսկ երեք շաբաթ անց Իրաքի մայրաքաղաքում ավստրալական «Յունիթի» ընկերության աշխատակիցները սպանեցին երկու հայազգի կանանց: