Հրայր Կարապետյան. «Հանրահավաքին գնալու են որեւէ մեկին չսիրելու պատճառով»

Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի կարծիքով, ընդդիմադիր ուժերի այսօր կայանալիք հանրահավաքին «մարդիկ գնալու են որեւէ մեկին չսիրելու պատճառով»:

«Իմ տպավորություն այն է, որ հանրահավաքին ավելի շատ կգնան նրանք, ովքեր ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին սիրելով են գնալու, այլ հակառակը` որեւէ մեկին չսիրելու պատճառով են գնալու», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասաց Կարապետյանը: - «Այսինքն` դժգոհությունը, որ գոյություն ունի ընդհանրապես որոշակի խավերի մոտ, եւ դրանք օբյեկտիվ նաեւ դժգոհություններ են, այդ ամենը մարդկանց մոտ դժգոհություն է առաջացնում, եւ մարդիկ փնտրտուքի մեջ են»:

Իսկ հանրահավաքներով իշխանափոխություն իրականացնելու ժամանակները, ըստ Դաշնակցության ղեկավար անդամի, անցել են. - «Դրա համար կան քաղաքակիրթ ձեւեր, եւ դրա շանսը տրված է բոլոր քաղաքական ուժերին»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` ինչպիսին էլ լինի այս հանրահավաքը, այն չի կարող փոխել իրենց կուսակցության ծրագրերը:

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի խոսքերով` Հայաստանն «այլեւս այն փուլում է գտնվում, որ հանրահավաքներով խնդիրները լուծելը արդեն արդյունավետ չէ»:

«Կարծում եմ, այս հանրահավաքից կարող է սկսվել այն վճռորոշ շրջանը, թե ինչպես պետք է քաղաքացիները շարունակեն ապրել», - ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: - «Ինչպիսի Հայաստանում նրանք պետք է ապրեն. բռնատիրական համակարգո՞ւմ, որը գնալով ավելի սրվում է, քաղաքացիների իրավունքները նվազում են, թե՞ իրոք մենք պետք է գնանք առաջ»:


Աստղիկ Բեդեւյան