Կոնգրեսական հանձնաժողովը հավանություն է տվել Թուրքիային ռազմանավեր փոխանցելու առաջարկին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը երեկ հավանություն է տվել Թուրքիային ամերիկյան դուրս գրված ռազմանավեր փոխանցելու առաջարկին: Օրինագծով նախատեսվում է Թուրքիային անհատույց հանձնել երեք ռազմանավ` 382,5 միլիոն ընդհանուր արժեքով, իսկ եւս մեկը վաճառել մեծ զեղչով` 130,2 միլիոնի փոխարեն 27,7 միլիոն դոլարով:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, օրինագծի հովանավորը` հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը հերքել է, թե այս քայլի նպատակն է մեղմել պաշտոնական Անկարայի վրդովմունքը` կապված նույն հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունման հետ:

Հայտարարելով, թե այդ քայլը «զրոյական» առնչություն ունի թիվ 106 բանաձեւին առնչվող բանավեճի հետ` Լանթոսը պարզաբանել է. - «Մենք դաշնակիցներին միշտ հնարավորություն ենք տվել օգտվել այն զինտեխնիկայից, որի կարիքը մեր նավատորմը, օդուժը կամ բանակը այլեւս չունեն: Շատ տարիների ընթացքում շատ երկրներ են ստացել այդպիսին, այս անգամ էլ դա թուրքերն են»:

Այդուհանդերձ, դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը, ով Հայոց ցեղասպանության բանաձեւի համահովանավորներից է, նկատել է, թե ռազմանավերը «շատ օգտակար չեն լինի հյուսիսային Իրաքում եւ Իրանում քուրդ ապստամբների դեմ, որոնք, հատելով սահմանը, հարձակումներ են գործում թուրք զինվորների վրա»:

«Իրաքի եւ Իրանի սահմանների հետ կապված պաշտպանական մտահոգություններից ելնելով` որտե՞ղ են թուրքերը կանգնեցնելու այդ նավերը», - հայտարարել է Շերմանը` հավելելով. - «Արեւմտյան Անատոլիայում վերջին անգամ հայտնված նավը Նոյյան տապանն էր»:

Օրինագիծը, որով նախատեսվում է եւս երկու նավի փոխանցում Լիտվային եւ երկու նավի վաճառք Թայվանին, օրենքի ուժ ստանալու համար դեռ պետք է արժանանա Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի եւ Սենատի հավանությանը, ապա` ստորագրվի ԱՄՆ-ի նախագահի կողմից:

«Ռոյթերզ»-ը տեղեկացնում է նաեւ, որ Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ավելի հավանական է համարել, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը պալատի լիագումար նիստում քվեարկության կդրվի հունվարին, քան այս տարվա ընթացքում:

«Մենք ցանկանում ենք այն պալատին ներկայացնել, երբ կունենանք [դրա ընդունման համար անհրաժեշտ թվով] ձայները», - ասել է կոնգրեսականը: