Խաղաղ երթի մասնակիցները ոստիկանությունում 8 ժամ պահվելուց հետո ազատ արձակվեցին

Այսօր վաղ առավոտյան` ժամը 3:30-ին մոտ, ազատ արձակվեցին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, «Այլընտրանք» ընդդիմադիր նախաձեռնության մի շարք անդամներ: Նրանց ազատ արձակման գործում ակտիվ դերակատարություն ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով անձամբ ժամանեց ոստիկանության բաժին եւ 4 ժամ շարունակ բանակցեց ոստիկանների հետ:

Երեքշաբթի օրը Երեւանի կենտրոնում՝ Աբովյան եւ Կորյուն փողոցների հատման կետում քաշքշուկ էր տեղի ունեցել «Այլընտրանք» ընդդիմադիր նախաձեռնության անդամների եւ ոստիկանների միջեւ, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Շողեր Մաթեւոսյանը, ինչպես նաեւ Դավիթ Մաթեւոսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» եւ Պահպանողական կուսակցությունների առաջնորդներ Պետրոս Մակեյանը եւ Միքայել Հայրապետյանը տարվել էին Կենտրոնի ոստիկանության բաժին:

«Այլընտրանք»--ի անդամները բարձրախոսով կոչ էին անում քաղաքացիներին մասնակցել ուրբաթ օրը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, որտեղ նախատեսված է Հայաստանի առաջին նախագահի ելույթը: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության քաղաքային վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը Նիկոլ Փաշինյանից պահանջել էր իրենց հանձնել բարձրախոսը, իսկ Փաշինյանը խնդրել էր նախ ցույց տալ օրենքի այն հոդվածը, որի համաձայն ինքն իրավունք չունի խաղաղ երթի ժամանակ բարձրախոս օգտագործել: Շուրջ 20 րոպե տեւած վիճաբանության արդյունքում քաշքշուկ էր սկսվել, ինչպես ականատեսներն էին պատմում` ոստիկաններին միացել էին «կարմիր բերետավորներ» եւ ծեծել մարդկանց:

Խաղաղ երթի մասնակիցներին ոստիկանությունում պահեցին մոտ 8 ժամ: Կենտրոնի ոստիկանատան մոտ խմբված «Այլընտրանք» հասարակական քաղաքական շարժման ակտիվիստներին ռետինե մահակներով զինված ոստիկանների խումբը թույլ չէր տալիս առաջ շարժվել շենքից 8-10 մետր հեռավորությունից:

Ժամը 11:30-ին լսվեց Տեր-Պետրոսյանի հասնելու լուրը, ինչին հավաքվածներն արձագանքեցին «Լե-վո’ն, Լե-վո’ն» վանկարկելով:

Առաջին նախագահը սպորտային բաճկոնով էր, նրան ուղեկցում էին միայն թիկնապահները: Ոստիկանական առաջին շարքը, որը հավաքվածներին էր զսպում, նրա ընթացքը չխոչընդոտեց, սակայն մուտքի դռան մոտ քաղաքացիական հագուստով մի անձ, որը ներկայացավ որպես փոխգնդապետ, փակեց ճանապարհը: Կարճ խոսակցությունից հետո, որին մասնակցում էին փոխգնդապետը, Կենտրոնից ընտրված պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը եւ առաջին նախագահը, դռները բացվեցին, եւ Տեր-Պետրոսյանը Սուքիասյանի հետ ներս մտավ:

Մի քանի րոպեից Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ եւ հավաքվածներին հանգստացրեց. - «Ժողովուրդ, հանգիստ, հիմա ամեն ինչ կպարզվի, հանգիստ մնացեք: Հանգիստ ծխեք, անեկդոտներ պատմեք, ուրախացեք»:

Հետո կրկին ներս մտավ ու այնտեղ մնաց մոտ 4 ժամ:

Գիշերը ժամը 3:30-ին ազատ արձակեցին 11 հոգու, որոնցից երեքը, այդ թվում` մեկ անչափահաս, ըստ առաջին նախագահից ավելի վաղ ոստիկանության շենք մտած «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամների, մարմնական վնասվածքներ ունեին:

Տեր-Պետրոսյանին ճանապարհեցին ծափահարություններով:

Նիկոլ Փաշինյանը դուրս գալուն պես փոքրիկ հանրահավաք կազմակերպեց, որի ժամանակ, մասնավորապես, ասաց. - «Չընկրկել բեսպրեդելի առաջ, չընկրկել ամենաթողության առաջ: Մենք ցույց տվեցինք, որ չենք ընկրկելու բեսպրեդելի առաջ»:

«Մենք ասում էինք, որ նախագահական առաջիկա ընտրություններում պաշտպանելու ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Բայց հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ համար ոչ միայն նախագահի թեկնածու է, այլեւ մարտական պայքարի ընկեր, ով մեզ հետ ոստիկանական նառերին անցկացրեց մի քանի ժամ, եւ մենք ազատ արձակվեցինք բացառապես նրա ներկայության շնորհիվ», - հայտարարեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու փաստով քրեական գործ կա հարուցված. - «Ես կոնկրետ ու մի քանիսը կասկածյալի կարգավիճակում ենք, մեզնից ստորագրություն է վերցվել քաղաքից չբացակայելու համար»:

«Սակայն այն, ինչ տեղի է ունեցել, զուտ ընթացակարգային խայտառակություն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Փաշինյանը` որպես օրինակ բերելով մեկ փաստ. - «Մեր դուրս գալուց միայն 5 րոպե առաջ փորձում էին կազմել բերման ենթարկելու մասին արձանագրություն եւ փորձում էին այնպես անել, որ մենք ստորագրենք: Մենք ասացինք` «Չհասկացանք, մենք 6-7 ժամ, սահմանվածից մի քանի անգամ ավելի, այստեղ ենք, դուք դեռ բերման ենթարկելու արձանագրություն չե՞ք կազմել»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարում` Նիկոլ Փաշինյան)