Մամուլի տեսություն

(շաբաթ, 20-ը հոկտեմբերի)

«168 ժամ»֊-ը մեջբերում է պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանի կարծիքը. - «Ակնկալել, որ միջազգային հանրության բարոյական ճնշումը կարող է ստիպել Թուրքիային՝ ընդունել հայերի ցեղասպանությունը, իրատեսական չէ: Նման ճնշումը կարող է բերել անգամ հակառակ ազդեցության: Թեեւ 1991 թվականից Հայաստանի իշխանություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել բանակցել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների, սակայն երբ 1998 թվականից Հայաստանի իշխանությունները ցեղասպանության ճանաչումը ներկայացրին որպես մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից մեկը, Թուրքիան Հայաստանի հետ երկխոսության մեջ մտնել չի շտապում` այն զգուշավորությամբ, թե մեր երկիրը երկակի խաղ է խաղում. մի կողմից՝ ներկայանում է որպես առանց նախապայմանների երկխոսություն սկսելու ջատագով, մյուս կողմից՝ ցեղասպանության ճանաչումը համարում է իր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ խնդիրը: Եվ հետո, Հայաստանը չունի հստակ ռազմավարություն, թե ինչ է հետապնդում ցեղասպանության ճանաչմամբ՝ տարածքների վերադա՞րձ, նյութական փոխհատուցո՞ւմ, թե՞ այլ խնդիր: Եվ այս անորոշությունը թույլ չի տալիս Հայաստանին` հստակ ներկայացնել Թուրքիային ցեղասպանության ճանաչմանը միտված իր քայլերի հաջորդականությունը»:

«Չորրորդ իշխանություն»֊-ը հայտնում է. - «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել հայրենի իրավապահ մարմինների աշխատակիցներին: Լիսկայի հղփացած թիկնապահները մտել են բիլիարդանոց եւ այնտեղ գտնվող` Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի Ազգային անվտանգության բաժնի աշխատակից Գագիկ Մանուչարյանից պահանջել ազատել տարածքը: Վերջինս, բնականաբար, փորձել է չենթարկվել մարզպետի թիկնապահների պահանջին, սակայն այդ ըմբոստացումը նրա վրա «ծանր է նստել»: Թիկնապահներից մեկը բիլիարդի ծանր գնդով հարվածել է Գագիկ Մանուչարյանի գլխին, ապա եւ վերցրել բիլիարդի ձողը՝ ցանկանալով հավելյալ հարված հասցնել նրան: Այստեղ վրա է հասել Մանուչարյանի հորեղբոր որդին՝ Գորիսի քննչական բաժնի քննիչ Գոռ Մանուչարյանը՝ փորձելով իրավիճակն ինչ-֊որ կերպ հանգստացնել, սակայն անպատժելիությունից հարբած Լիսկայի թիկնապահները հարձակվել են նաեւ ոստիկանի վրա եւ դաժանորեն ծեծել նրան՝ կրկին հիմնական հարվածներն ուղղելով գլխին»: «Այս պատմությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ», - ամփոփում է թերթը:

«Առավոտ»֊-ի տեղեկություններով, «ՍԻԼ կոնցեռնի» կառույցներում ստուգումներ են սկսվել. - «Ստուգումներ են անցկացվում, մասնավորապես, այն ալրաղացում, որը Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ձեռք բերեց խորհրդարանական ընտրությունների շեմին ՝ Լեւոն Սարգսյանից՝ Ալրաղացի Լյովիկից: Ստուգումներ են նախատեսվում նաեւ «Օջախ» խանութների ցանցում, որի իրական սեփականատերը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի եղբայրն է՝ Պետրոս Տեր֊-Պետրոսյանը»:

«Հայոց Աշխարհ»֊-ը մեկնաբանում է. - «Դատելով ամենից, Լեւոն Տեր-Պետրոսյանի «վերադարձը» փութաջանորեն նախապատրաստող շրջանակները կամաց-կամաց սկսում են «էյֆորիայից» դուրս գալ եւ զգուշորեն շուրջը նայել՝ կշռելով հհշիզմի վերակենդանացման ռեսուրսները։ Այս առումով՝ ուրախացնում է, որ Տեր-Պետրոսյանի «վերադարձի» մանկական հիվանդությամբ տառապողների մտքի գլուխգործոցներում սկսում են առողջ բանականության նշույլներ երեւալ։ Անգամ հեռավոր Լոսի «լեւոնամերձ» շրջանակներն են խոստովանում, որ պահը նպաստավոր չէ հհշական ռեւանշի համար»։

«Հայկական ժամանակ»֊-ը գրում է. - «Հայաստանի հանրապետական կուսակցությունը հոկտեմբերի 26-֊ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում համերգ է կազմակերպում: Իհարկե, ինքնին հասկանալի է, որ այս համերգը հանրապետականների խուճապի հերթական դրսեւորումն է. նրանք այնքան են վախեցած հոկտեմբերի 26֊-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից, որ որոշել են հնարավոր բոլոր միջոցները կիրառել՝ այդ խուճապը թաքցնելու համար: Ինչ խոսք՝ սեփական հիստերիան թաքցնելուն ուղղված մեթոդների ընտրության մեջ յուրաքանչյուրն էլ ազատ է: Տվյալ դեպքում, սակայն, Հանրապետական կուսակցության վերնախավը ստիպված է ցուցադրել նաեւ սեփական անբարոյականությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աստիճանի պետք է ընկնել՝ Երրորդ հանրապետության պատմության ամենաողբերգական իրադարձության՝ հոկտեմբերի 27-֊ի տարելիցի շեմին զվարճանք կազմակերպելու համար»:


Արմեն Դուլյան