Խորհրդարանականները ողջունում են թիվ 106 բանաձեւի ընդունումը

Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները ողջունում են Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 106 բանաձեւի ընդունումը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայկական կազմակերպությունների «մեծ, վիթխարի» աշխատանքը բարձր գնահատեց ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Հարությունյանը կարծիք հայտնեց, թե դրանք հազիվ թե «որեւէ էական փոփոխություն կրեն». - «Եթե անգամ փոփոխություն կրեն, ապա դա կլինի շատ ժամանակավոր»:

Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստանյանը հարցին, թե բանաձեւի ընդունումը չի՞ վտանգի արդյոք հայ-թուրքական հարաբերությունները, պատասխանեց. - «Բացարձակապես: Ես կարծում եմ, հայ-թուրքական հարաբերությունները արդեն այսօր այնքան վտանգված են, որ դրանից է’լ ավելի վատացնել դժվար է: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ սա կստիպի Թուրքիային, որպեսզի նա վերանայի իր կարծրատիպերը եւ Հայոց ցեղասպանության խնդրին լուրջ նշանակություն տա: Ես վստահ եմ, որ կամաց-կամաց Թուրքիան ինքը կընկալի, որ այս բանաձեւով սկիզբ է դրվելու հենց Թուրքիայի նորացմանն ու բարեփոխմանը»:

«Նման ճանաչումները մեծացնում են հայ ժողովրդի վստահությունը համաշխարհային հանրության եւ ընդհանրապես արդարության գաղափարի նկատմամբ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: - «Այս առումով, իհարկե, ողջունելի է: Կարծում եմ, որ շատ շոշափելի հետեւանքներ չեն լինի»:

«Օրինաց երկիր» խմբակցությունից Մհեր Շահգելդյանի կարծիքով, սա «արդեն ալիք է, որը վաղ թե ուշ մեծ թափ է ստանալու»:


Ռուզան Խաչատրյան