Իրավապաշտպանները պնդում են, թե խոսքի ազատությունը Հայաստանում վերջին տարիներին հետընթաց է ունեցել

Հայաստանյան իրավապաշտպան երեք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանը այսօր պնդեցին, թե խոսքի ազատության առումով վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում հետընթաց է արձանագրվել:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը տեղեկացրեց, որ հրապարակվել է Freedom House-ի 2007 թվականի եռագույն քարտեզը. - «Կանաչ` որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է, դեղին` որտեղ կիսաազատ է, եւ մանուշակագույն` որտեղ խոսքի ազատությունը չկա: ԱՊՀ երկրների մեջ Հայաստանը մանուշակագույնների մեջ է»:

Իշխանյանի համոզմամբ, մինչդեռ, «ազատությունների եւ իրավունքների հիմնական լոկոմոտիվը խոսքի ազատությունն է»: Խոսքի ազատության «հետընթացը», ըստ նրա, սկսվել է 2002 թվականից. - «Ջրբաժանը «Ա1+»-ի եթերազրկումն էր: Որից հետո բոլոր հեռուստաընկերությունները գտնվում են շատ խիստ վերահսկողության տակ»:

«Կառավարման, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների տեսակետից Հայաստանը արդեն մի քանի տարի է «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ» է համարվում: Այսինքն` մեզ մի քայլ է մնացել, որ մենք լրիվ կոնսոլիդացված, շատ ակտիվ ավտորիտար ռեժիմ դառնանք», - իրավիճակի իր գնահատականը տվեց Transparency International միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ամալյա Կոստանյանը:

Վանաձորի հելսինկյան կառույցի ղեկավար Արթուր Սաքունցը խոսեց բանակում տեղի ունեցող հանցագործությունների մասին. - «Չի կարող բացահայտվի զինվորական հանցագործությունը, քանի դեռ զինված ուժերը Հայաստանում գտնվում են վերահսկողությունից դուրս»:

Իրավապաշտպանները անդրադարձան նաեւ վաղաժամկետ ազատման հանձնաժողովի գործունեությանը: Ավետիք Իշխանյանի բնորոշմամբ` անկախ կոչվող այդ հանձնաժողովը «պարզապես դատարանի դեր է կատարում»:

Այս հանձնաժողովը մերժել էր «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը:

«Այդ հանձնաժողովից դժգոհում են ոչ միայն կալանավորները, այլեւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները», - ասաց Իշխանյանը` խնդելով, թե հանձնաժողովը «հակասահմանադրական է»:

Հայաստանյան իրավապաշտպանները այս բոլոր խնդիրները հոկտեմբերի 7-ին կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել են Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Վերջինս այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպում է ունեցել Արման Բաբաջանյանի հետ:


Կարինե Քալանթարյան