Մամուլի տեսություն

Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթի քաղաքական շարժառիթներին անդրադառնալով` «Իրավունք» թերթը փոխանցել է իր՝ ՀՀՇ-ական աղբյուրներից մեկի հիմնավորումները. - «Դրանով Լեւոն Տեր-Պետրոսյանը այս փուլում հիմնականում երկու խնդիր էր լուծում։ Առաջինը՝ փորձում էր թե հասարակության եւ թե նույնիսկ իր որոշ համախոհների մեջ ցրել մամուլում տեղ գտած եւ քաղաքական շրջանակներում շրջանառվող այն կասկածները, թե իր քաղաքական աննախադեպ ակտիվացումը պայմանավորված է գործող իշխանությունների հետ (մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ) ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածություններով, եւ երկրորդը՝ իշխանական քարոզչամեքենային ստիպել, որ ժամանակից շուտ «կրակի»՝ հանրությանը ներկայացնելով Տեր-Պետրոսյանի դեմ կիրառվելիք սեւ PR-ի առկա զինանոցը»։

Նախկին նախագահի ելույթին հաջորդած արձագանքերն ու հայտարարությունները համադրելով` «Իսկական իրավունք» թերթի խմբագրականը գնահատել է. - «Ընթացող շաբաթվա իշխանամետ եւ տերպետրոսյանական մամուլի փոխադարձ՝ առավել քան կոշտ փոխհրաձգությունը վկայում է՝ որ սպասվում է անզիջում կոմպրոմատների պատերազմ։ Այլ բան է, որ այդ պատերազմից ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, առանձնապես չի տուժելու, քանի որ նա շուտով հեռանալու է քաղաքական դաշտից, իսկ իր նախաձեռնած կոմպրոմատների պատերազմում տուժելու է այն թեկնածուն, ում նա աջակցում է, այսինքն՝ Սերժ Սարգսյանը։ Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի սուր եւ օպերատիվ պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին, ըստ էության, արջի ծառայություն էր ՀՀ վարչապետին»։

Հետեւելով «ընթացիկ շրջափուլի քաղաքական զարգացումներին»` «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը գնահատել է. - «Էն, որ Հայաստանը պատերազմում հաղթել է, կասկած չկա: Բայց էդ հաղթանակին ով ասես տեր չի կանգնում. Վազգեն Մանուկյանը հաղթողների մեջ է, Սամվել Նիկոյանն ընդհանրապես հաղթանակի պապան է, էլ չեմ խոսում Շավարշի ու Սադոյան Արշակի մասին: Բոլորը հաղթող են, բոլորը հաղթել են, ու միակ պարտվողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»: «Հիմա ոնց որ թե պարտվողների շարքը կգցեն նաեւ Վազգեն Սարգսյանին։ Ու սա պատահական չէ, սա քաղաքականություն է», - հեգնանքով հավելել է խմբագրականը:

Իր հերթին «Տարեգիր»-ի գլխավոր խմբագիրը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթին հաջորդած բանավեճերը համեմատելով նախընտրական քարոզարշավի վերջին փուլի հետ` նկատել է. - «Երբ նախկինների քննադատությամբ հանդես են գալիս Արամ Գ. Սարգսյանն ու Շավարշ Քոչարյանը, որոշ չափով հնարավոր է հասկանալ նրանց։ Բայց երբ նախկիններին դաժան քննադատության են ենթարկում նախկինների առաջին եւ վերջին վարչապետներ Վազգեն Մանուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը, դա արդեն դուրս է երեւակայությունից»։ «Մի՞թե նախկինների վարչապետներն իրենց հեչ մեղավոր կամ գոնե պատասխանատու չեն զգում գոնե իրենց վարչապետության ժամանակահատվածի համար եւ իրենց են համարում մեր խավար անցյալի միակ լուսավոր կետը», - հարցրել-ամփոփել է խմբագրականը։

«Հայք» թերթի փոխանցմամբ, Մոսկվայի «Մետրոպոլ» խաղատանը հարձակման ենթարկված ԱԺ պատգամավոր , ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանի վերաբերյալ նորանոր ցնցող փաստեր են ի հայտ գալիս… Պարզվում է Արզաքանցյանն այս տարվա ընթացքում արդեն 33 անգամ եղել է «Մետրոպոլ» խաղատանը։ Ավելին, նա, որպես մշտական հաճախորդ, ունի նաեւ պլատինե քարտ։ Ուշագրավ է, որ «Մետրոպոլ»-ը Մոսկվայի ամենաթանկ խաղատունն է, որտեղ նվազագույն խաղադրույքը շուրջ 5000 դոլար է», - մանրամասնել է թերթն ու փոխանցել Արզաքանցյանի դեմ մահափորձը քննող քննչի պարզաբանումը, ըստ որի «սա Արզաքանցյանի առաջին հանդիպումը չէ մոսկովյան քննիչների հետ»։ Թերթը պնդել է նաեւ, որ «Մետրոպոլ» կազինոյի սեփականատերերի շարքում նաեւ հայաստանցի պաշտոնյաներ կան:

Վերջին շրջանում հացի, ալյուրի, կարագի ու առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների էական աճի փաստը նկատելով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը փոխանցել է դրա վերաբերյալ եղած կարծիքները. - «Ոմանք դա համարում են դիտավորություն՝ միտված նրան, որ նախագահական ընտրություններից առաջ կտրուկ աճի հասարակության դժգոհությունը իշխանությունների նկատմամբ։ Ուրիշների կարծիքով, ոմանք պարզապես փորձում են օգտվել նախընտրական շրջանի այս խառնակ իրավիճակից եւ գերշահույթներ ստանալ։ Այլոց կարծիքով, ներկրողներն այդպիսով փոխհատուցում են այն գումարները, որոնք հարկային մարմինների որոշ աշխատակիցների պահանջով վճարվում են որպես գերավճար կամ կանխավճար»։ «Մի խոսքով, գների բարձրացումը բացատրել փորձող կարծիքների այնպիսի խառնիճաղանջ բազմազանություն է, որ ճիշտ կողմնորոշվելը եւ իրական պատճառը կամ պատճառները հասկանալը «ներքին խոհանոցը» չիմացողի համար չափազանց դժվար է», արձանագրել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Այն, որ թանկացումն ի չիք է դարձնում թոշակների, նպաստների բարձրացմանը, ինչպես նաեւ աղքատության հաղթահարմանը նպատակաուղղված կառավարության ջանքերը, կասկածից դուրս է»։


Ատոմ Մարգարյան