Ճապոնիայի վարչապետ է նշանակվել Յասուո Ֆուկուդան

Այսօր Ճապոնիայի նոր վարչապետ է նշանակվել Յասուո Ֆուկուդան: Երկրի խորհրդարանի ստորին պալատը, որի որոշումները վճռական նշանակություն ունեն Ճապոնիայի քաղաքական կյանքում, հաստատել է 71-ամյա Ֆուկուդային վարչապետի պաշտոնում:

Քվեարկությունը կայացել է նախկին վարչապետ Սինձո Աբեի եւ նրա կաբինետի պաշտոնական հրաժարականն ընդունելուց շատ չանցած:

Ֆուկուդային վարչապետի պաշտոնում առաջադրելու որոշումը կառավարող Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը ընդունել էր կիրակի օրը:

Նոր կառավարության կազմը կհայտարարվի այսօր ավելի ուշ:

Սինձո Աբեն իր հրաժարականի մասին հայտարարել էր սեպտեմբերի 12-ին: Աբեի գլխավորած Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը հուլիսին կայացած ընտրությունների արդյունքում կորցրել է խորհրդարանի վերին պալատի վերահսկողությունը, իսկ նրա կառավարությունը հայտնի է մի շարք ֆինանսական սկանդալներով՝ նախարարների մասնակցությամբ:

Աբեն նաեւ փորձում էր ավելացնել ճապոնացի խաղաղապահների թիվն Աֆղանստանում, ինչը հանդիպում էր խորհրդարանի դիմադրությանը: