Հայաստանը նշում է իր Անկախության տոնը

Այսօր Հայաստանի Անկախության տոնն է: 16 տարի առաջ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Անկախությանը կողմ էր արտահայտվել հանրաքվեի մասնակիցների շուրջ 94 տոկոսը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, այսօր առավոտյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է «Եռաբլուր» պանթեոն եւ ծաղկեպսակ դրել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանին:

Երեկոյան նախագահը կազմակերպում է Անկախության տոնին նվիրված ընդունելություն, իսկ ավելի ուշ, ամենայն հավանականությամբ, Հանրապետության հրապարակում ներկա կգտնվի նոր շատրվանների բացման հանդիսավոր արարողությանը:

Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

«Անկախությունը անքննելի ու անսակարկելի բարձրագույն արժեք է, բայց միաժամանակ` մեր ժողովրդի ու յուրաքանչյուր քաղաքացու համար բարձրագույն պատասխանատվություն», - ասված է, մասնավորապես, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի ուղերձում: - «Անկախությունը նաեւ անսահման հնարավորությունների դուռ է երկրի զարգացման, մեր հայրենակիցների համար արժանապատիվ կյանք ապահովելու, ազգային ինքնության պահպանման ու արդիականացման համար»:

«Այսօր, երբ պետականության կայացման 16-ամյա ճանապարհին հաղթահարել ենք շատ զրկանքներ ու դժվարություններ, ունեցել ենք կորուստներ ու թանկ հաջողություններ, մենք առավել քան երբեւէ մոտ ենք մեր նախնիների ու հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայած հայորդիների երազած Հայաստանի Հանրապետության կերտմանը: Մեր սերնդին բախտ է վիճակվել այդ նվիրական առաքելության կրողը լինելու, եւ մենք պարտավոր ենք այն պատվով կատարելու», - գրել է Տիգրան Թորոսյանը իր ուղերձում, որը տրամադրել են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «1991 թվականի սեպտեմբերի 21-ին մենք բացեցինք հայոց պատմության նոր էջը, որն այսօր բոլորս միասին ենք գրում: Հաղթանակած պատերազմ, հաղթահարված ճգնաժամ ու բարձր տնտեսական աճ, ժամանակակից պետությանը բնորոշ ինստիտուտներ, զարգացող հասարակական-քաղաքական միջավայր ու վերելքի մեծ ներուժ. ահա թե ինչ է արդեն իսկ գրված այդ էջում: Բայց եւ համոզված եմ` միասին մենք դեռ բազմաթիվ տողեր ենք ավելացնելու այս «գրառումներին»»:

«Եղել են ու կան դժվարություններ` անօթեւան ընտանիքներ, աղքատություն, կոռուպցիա, ոտնահարված իրավունքներ: Տխրել ու պայքարել ենք նման երեւույթների դեմ, բայց միշտ սիրել ենք մեր պետությունը: Սիրել ենք սթափ: Եվ հենց այդ սթափությունն է, որ շարունակում է մեզնից պահանջել սատար լինելու մեր պետության հետագա վերելքին` մեր աշխատասիրությամբ, մեր սրտացավությամբ ու նվիրումով», - ասված է վարչապետի ուղերձում, որը տարածել է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ուղերձում, որը տրամադրել են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, մասնավորապես, ասված է. - «Այսօր մենք տոնում ենք հայոց պետականության վերականգնման պանծալի հաղթանակը, որը ձեռք է բերվել սերունդների մաքառումի եւ զոհողության գնով: Անցնող հարյուրամյակում` հակառակ բազում արհավիրքների ու ծանր կորուստների, մեր ժողովուրդը արիաբար պայքարեց ազատության համար եւ, ապավինած Աստծուն, հուսաց անկախության այս նվիրական առավոտը, որը հույսի նոր շողեր է սփռում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքի վրա»:

«Մենք հավատում ենք, որ մեր ժողովուրդը պիտի շարունակի կերտել իր շեն ու բարօր, երջանիկ կյանքը` ամուր պահելով անկախ պետականության իր նվաճումները եւ ընթանալով դեպի նոր հաղթանակներ: Օրհնություն եւ լույս հանուն Հայոց պետականության ազատ նոր կյանքի իրենց անձերը նվիրաբերած քաջարի մեր զավակների հոգիներին»:


Ռուզաննա Ստեփանյան