Մամուլի տեսություն

«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Այն, ինչ տեղի է ունենում դատավոր Պարգեւ Օհանյանի հետ, մի հարվածով սթափեցրեց բոլոր այդ կարգի մոլորյալներին` նրանց արագորեն դառը իրականություն վերադարձնելով: Իսկ «Ռոյալ Արմենիա»-ի գործով հայտնի դատավարությունը ակնթարթորեն հօդս ցնդեցրեց ռեժիմի քարոզչության շնորհիվ մեծ ճիգերով ստեղծված այն առասպելը, թե իշխանությունները ջանք չեն խնայում ձեռներեցներին խթանելու (տվյալ դեպքում` պարզապես չխանգարելու) միջոցով տնտեսությունը զարգացնելու համար»:

Նույն թեմային անդրադառնալով` «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Այն, որ տվյալ վճիռը արդարացի է, օրինական եւ վայել է միայն մեծատառով դատավորին, դրանում որեւէ կասկած լինել չի կարող: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ իշխանությունը, ի դեմս գրպանային Արդարադատության խորհրդի, չի էլ պատրաստվում վիճարկել տվյալ վճռի օրինականությունը: Ինչպես անում են տվյալ դեպքերում, իշխանությունը որոշել է փորփրել դատավոր Օհանյանի նախկին գործունեությունը»:

«Հայոց Աշխարհ»-ի համոզմամբ` «հայրենի կուսակցությունները, բացի մեկ-երկուսից, չունեն փոքրիշատե հստակ իմաստավորված ու ձեւակերպված պահանջներ ու ցանկություններ այն մասին, թե հատկապես ինչ ուղղությամբ պետք է զարգանա երկիրը»: «Եթե ծրագրերից հանենք անվանումներն ու կուսակցական պատկանելության անուղղակի մատնանշումները, ապա բնավ ոչ ամեն քաղաքագետ «փակ աչքերով» կտարբերակի, թե որ դեպքում է իր առջեւ աջերի պատրաստած փաստաթուղթը, որ դեպքում` ձախերինը եւ որն է կենտրոնամետներինը», - գրում է թերթը:

«168 ժամ» պարբերականում կարդում ենք. - «Օրերս «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի հետ տեղի ունեցած հերթական միջադեպը հասկանալի պատճառներով մեծ ուշադրության արժանացավ ու, բնականաբար, տարբեր, շատ դեպքերում իրարամերժ վարկածներ առաջ քաշելու առիթ տվեց: Նախագահական ընտրարշավի նախաշեմին լրագրողի նկատմամբ տեղի ունեցած այս բռնությունը, բնականաբար, նաեւ գործող վարչախմբի դեմ սեւ քարոզչություն իրականացնելու հարմար առիթ հանդիսացավ: Այդ իսկ պատճառով, ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը խոսակցություն է ունեցել թե’ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ու թե’ հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովհսեփյանի հետ, որի ընթացքում ամենակտրուկ կերպով պահանջել է ոչ միայն հնարավորինս արագ գտնել Հովհաննես Գալաջյանին ծեծողներին, այլ, որ ամենից կարեւորն է` պատվիրատուին կամ պատվիրատուներին»:

«Ժամանակ - Երեւան»-ի հարցազրույցում Հայոց համազգային շարժման վարչության անդամ Արամ Մանուկյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է հանուն Հայաստանի ժողովրդավարացման Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը, եւ այն, որ Սերժ Սարգսյանն իշխանության գալուց հետո ձեռնամուխ կլինի Հայաստանը ժողովրդավար երկիր դարձնելու գործին, պատասխանել է. - «Ոչ, ոչ, ոչ. դա նշանակում է 120 տատիկը ծննդաբերի... Մարդիկ, որոնք 10 տարիների ընթացքում հակառակն են ապացուցել իրենց կենսագրությամբ, գործելաոճով, ինչպե՞ս կարող են հանկարծ փոխվել»:

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների օրերս ստացած ծառայողական նոր մեքենաներին` սեւ գույնի «Տոյոտա Քամրիներին», գրել է. - «Ընդհանրապես, վերջին շրջանում պետական բյուջեի միջոցներով գնվող մեքենաների մեծ մասը, եթե չասենք` բոլորը, հենց «Տոյոտաներ» են: Սա, անշուշտ, պատահական չէ: Խնդիրն այն է, որ այս մակնիշի մեքենաների ներկրման բիզնեսը իրականում վերահսկում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն եւորգյանը: Եվ ստացվում է, որ պետական բյուջեի միջոցների հաշվին Արմեն եւորգյանի բիզնեսը ծաղկում ու բարգավաճում է»: «Հայկական ժամանակ»-ը, փաստելով, որ Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ագիկ Մինասյանն անտեղյակ է այդ մասին, շարունակում է. - «Կոնկրետ ագիկ Մինասյանի պարագայում, թերեւս կարելի է պնդել, որ նա այդ մասին չգիտեր: Բայց շատ վատ է, երբ, ըստ էության, բյուջեի կատարումը վերահսկող ամենագործուն հանձնաժողովի նախագահը չգիտի, թե բյուջեն ում հարստացնելու համար է ծախսվում»:


Հովհաննես Շողիկյան