Աբդուլա Գյուլը առաջին «արտասահմանյան» այցն է կատարում

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլա Գյուլը այսօր կատարելու է իր առաջին «արտասահմանյան» այցը եւ երկու օրով մեկնելու է Հյուսիսային Կիպրոս, որի «թուրքական հանրապետությունը» ճանաչվել է միայն պաշտոնական Անկարայի կողմից:

Նիկոսիայում, որը թուրքերեն անվանում են «Լեֆշկոշա», Գյուլը հանդիպելու է Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավար Մեհմեթ Ալի Թալաթի եւ թուրք այլ պաշտոնյաների հետ:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ նախքան նախագահ ընտրվելը Գյուլը զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը եւ ի շարս այլ հարցերի ակտիվորեն զբաղվել է նաեւ Կիպրոսի հիմնախնդրի կարգավորմամբ: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները անցյալ տարվա դեկտեմբերին մասամբ սառեցվել են, երբ Անկարան հրաժարվել է իր օդանավակայաններն ու նավահանգիստները բացել Եվրամիության լիիրավ անդամի` միջազգայնորեն ճանաչված «հունական» Կիպրոսի համար:

Այս ամսվա ընթացքում Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների ղեկավարներ Տասոս Պապադոպուլոսն ու Մեհմեթ Ալի Թալաթը հանդիպել եւ հայտարարել են, որ հարկ է վերսկսել կղզու վերամիավորմանն ուղղված բանակցությունները, սակայն որեւէ կոնկրետ առաջարկ չեն ներկայացրել:

Թուրքական բանակը Կիպրոսի հյուսիսային՝ թուրքաբնակ հատվածը գրավել է 1974 թվականին՝ Աթենքի աջակցությամբ Կիպրոսի հույների նախաձեռնած եւ շատ արագ ձախողված հեղաշրջման փորձից հետո:

2004 թվականին Կիպրոսի հույները հանրաքվեով մերժել են կղզու վերամիավորման ՄԱԿ-ի ծրագիրը, որը կղզու թուրքական համայնքն ընդունել էր:

ՄԱԿ-ը երկու համայնքներին հորդորում է վերսկսել բանակցությունները:


Արմեն Քոլոյան, Պրահա