Մեթյու Բրայզա. «Ամբողջությամբ նոր առաջարկներ չկան»

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր Երեւանում ասաց, որ Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ «ամբողությամբ նոր առաջարկներ չկան»:

Հարցին, թե կա՞ն արդյոք նոր առաջարկներ, ինչի մասին վերջերս հայտարարում էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Բրայզան պատասխանեց. - «Ամբողջությամբ նոր առաջարկներ չկան»: Ամերիկացի համանախագահը հավելեց, այդուհանդերձ, որ «տեխնիկական ճշգրտումներով առաջարկներ», անշուշտ, կան:

Բրայզան նաեւ կիսեց իր տպավորությունը երեկ Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման վերաբերյալ. - «Բակո Սահակյանը կառուցողական, ստեղծագործական միտք ունեցող գործչի տպավորություն թողեց»:

Մեթյու Բրայզայի խոսքով, համանախագահները «դեռեւս ունեն որոշ լավ եւ կառուցողական գաղափարներ, որոնք կարող են վերականգնել այն իմպուլսը, որ, ոմանց կարծիքով, վերացել էր [նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի] սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո»:

Նրա համոզմամբ, ամեն ինչ կախված է Քոչարյանի եւ Ալիեւի արձագանքներից` այսօր Երեւանում եւ վաղը Բաքվում նախատեսված հանդիպումների ընթացքում:

Հարցին, թե արդյո՞ք հիմա կարելի է բեկում արձանագրել բանակցություններում` նկատի ունենալով, որ 2008-ին նախ Հայաստանում, ապա նաեւ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են լինելու, ամերիկացի դիվանագետը արձագանքեց, թե հիմա «ճիշտ ժամանակն է առնվազն ամրապնդել կատարված ծանր, բայց նաեւ կառուցողական աշխատանքի արդյունքները»:

«Կլինի՞ բեկում, թե՞ ոչ` այսօր կրկին դժվար է ասել. ամեն ինչ կախված է երկու երկրների նախագահներից: Ամենակարեւորը այն է, որ կարողանանք արձանագրել այն, ինչ կատարվել է այս տարիների ընթացքում, որպեսզի հաջորդ նախագահը [Հայաստանում] առաջ գնալու հիմք ունենա»:


Կարինե Քալանթարյան